11/12/2023 12:37
Կլինեն արտաքին ուժեր, որոնք Հայաստանում կհրահրեն ռևանշիստական տրամադրություններ. այդ ուժերին պետք չէ, որ Հայաստանը լինի. ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը կարծում է, որ եթե ուզում ենք՝ Հայաստանն ամրապնդվի ու պետականություն ունենանք՝ պետք է հարևանների հետ երկխոսել։
«Խաղաղության պայմանագիրը որքան անհրաժեշտ է Ադրբեջանին, այդքան անհրաժեշտ է մեզ։ Ինձ համար այդ պայմանագիրը նրա մասին է, որ տևական ժամանակ այստեղ խաղաղություն լինի»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Պապոյանի խոսքով՝ եթե Հայաստանը հայտարարի, որ պատրաստվում է ռևանշի, ապա դա Հայաստանի չլինելու ուղիղ ճանապարհ է։
«Կլինեն արտաքին ուժեր, որոնք Հայաստանում կհրահրեն այդպիսի տրամադրություններ ու այդպիսի բառապաշար, որովհետև այդ ուժերին պետք չէ, որ Հայաստանը լինի։ Ուրիշի ձեռքով շագանակ հանելու քաղաքականությունը շատ տրամաբանական է այդ ուժերի համար, բայց մենք չպետք է դառնանք գործիք 3-րդ երկրների ձեռքում»,- նշեց նա։