12/12/2023 12:47
Արդյո՞ք գերիների վերադարձի համար Ադրբեջանը ՀՀ-ի առաջ նախապայման է դրել. մեկնաբանում է ՔՊ-ական պատգամավորը
Մենք այսօր դժվարին վիճակում ենք գտնվում թե՛ անվտանգային, թե՛ բանակցային հարցերում, բայց մենք իրավունք չունենք հետ քայլ անել մեր խաղաղության օրակարգից, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։
Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագիրն այն հիմնական ուղենիշն է, որ ՀՀ-ին բերելու է անվտանգություն։
Լրագրողները պատգամավորից հետաքրքրվցին, թե արդյո՞ք Ադրբեջանի կողմից ՀՀ-ին ներկայացված նախապայման է եղել, որպեսզի գերիների վերադարձի դիմաց ՀՀ-ն աջակցություն հայտնի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին և հանի իր թեկնածությունը՝ պատգամավորը պատասխանեց.«Չեմ կարծում, որ նախապայման է եղել։ Սա երկուստեք պայմանավորվածության արդյունք է և ես՝ ինքս էլ ողջունում եմ այդ քայլը։ Երկու երկրների մոտ փոխըմբռնում կա, որ խաղաղությունն այլընտրանք չունի։ Սա ամենամեծ ձեռքբերումներից է, որ ունեցել ենք վերջին շրջանում»։