13/12/2023 11:32
Արցախի հարցը չի փակվել. միայն անհայրենիք մեկը կարող է անիմաստ համարել նրա համար օգտագործված ժամանակն ու ռեսուրսները. Սեյրան Օհանյան (Տեսանյութ)
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի դիտարկմամբ՝ այսօր կրկնակի կործանարար է Արցախի համար, երբ ՀՀ իշխանությունները չունեն ու հրաժարվում են որևէ ծրագիր կամ ռազմավարություն մշակել Արցախի ապագայի համար։
«Յուրաքանչյուր հայ այսօր գիտակցում է, որ Արցախի հարցը չի փակվել, միայն անհայրենիք մեկը կարող է անիմաստ համարել նրա համար օգտագործված ժամանակն ու ռեսուրսները՝ ուրանալով այն փաստը, որ քառորդ դարից ավելի հենց Արցախն է եղել Հայաստանի ազատության ու անվտանգության երաշխավորը»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց Օհանյանը։
Ըստ նրա՝ պետք է շարունակել պայքարը, քանի որ հակամարտությունն ավարտված չէ, այն ավելի է խորացել։
«Արցախը եղել է գործոն ու այսօր նրա սուբյեկտայնության պահպանման համար բոլոր ինստիտուտները պետք է գործեն՝ ներառյալ ժողովրդի ճակատագրի ու նաև ժողովրդի հետվերադարձի պայմանների լուծում, իսկ բանակցությունները միջազգային հարթակում այլընտրանք չունեն»,- ընդգծեց «Հայաստան» խմբակցության ղեկավարը։
Օհանյանը նշեց՝ եթե ՀՀ իշխանությունը հրաժարվի որևէ ռազմավարությունից՝ նրանց ճակատին գրված է լինելու Արցախի հայաթափման փաստը։