13/12/2023 12:43
Ծերությունը գալիս է առանց դիմահարդարման. Հռոմի պապը հայտնել է, թե որտեղ է ցանկանում թաղվել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ցանկանում է, որ մահվանից հետո իրեն թաղեն Սանտա Մարիա Մաջորե բազիլիկում, որը Հռոմի չորս գլխավոր բազիլիկներից մեկն էԱյդ մասին նա հայտնել է Մեքսիկայի N+ հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Տեղն արդեն պատրաստ է․ ցանկանում եմ, որ ինձ թաղեն Սանտա Մարիա Մաջորեում: Ես շատ նվիրված եմ այս վայրին, միշտ գնացել եմ այնտեղ», - ասել է նա։
Ֆրանցիսկոս պապը նշել է, որ արդեն հանդիպել է հուղարկավորության արարողության կազմակերպիչների հետ։
Դեկտեմբերի սկզբին քահանայապետը շնչուղիների բորբոքմամբ ուղեկցվող գրիպի պատճառով ստիպված էր հրաժարվել Դուբայ ուղևորությունից, որտեղ պետք է մասնակցեր ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին (COP28):
«Ես ինձ ավելի լավ եմ զգում: Երբեմն ինձ ասում են, թե ես անխոհեմ եմ, որովհետև ցանկանում եմ ինչ-որ բան անել և շարժվել: Բայց դրանք լավ նշաններ են, ես միանգամայն առողջ եմ», - հավելել է Հռոմի պապը:
Նա կոչ է արել աղոթել իր առողջության համար. «Ծերությունը գալիս է առանց դիմահարդարման, միայնակ, ինչպես որ կա»։