13/12/2023 17:43
Ի՞նչ է՝ ռուսը կամ ամերիկացի՞ն պետք է լինեն մեր մեջքի հետևում, որ գնանք հարաբերվելու մեր թշնամիների հետ. Արմեն Դարբինյան
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը կարծում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ բանակցությունների պետք է գնալ առանց միջնորդ երկրի։
«Ամենուրեք լսում ենք նման տեսակետ, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների վերկանագնման համար պետք չէ գնալ առանց միջնորդի, ցավալի եմ համարում նման տեսակետները։ Ի՞նչ է՝ ռուսին կամ ամերիկացո՞ւն պետք է մեր մեջքի հետևում ունենանք, որ գնանք հարաբերվելու մեր թշնամիների հետ։ Ոչ, մենք կանգուն լինենք և մեր արժանապատվությամբ կհարաբերվենք նրանց հետ։ Չեմ տեսնում ես այդտեղ որևէ խնդիր»,- «Դարբինյանի ժամը» ռադիոհաղորդման ժամանակ ասել է նա։
Ըստ Դարբինյանի՝ Հայաստանն այսօր գտնվում է բանակցությունների շատ դժվար շրջափուլում։
«Բանակցությունների արվեստի խնդիր է՝ որտեղ կանգ առնել, ինչը պահպանել, ինչը բանակցային առևտրի միջոցով հանձնել և ինչը ստանալ դրա դիմաց։ Ցավոք սրտի, կանգնած ենք նման իրավիճակի առջև»,-ասել է Դարբինյանը ու հավելել, թե նույնիսկ այս պարագայում կարելի է փնտրել և գտնել օպտիմալ լուծումներ։ Ըստ նրա, պետք է քայլ անել, գտնել լուծման ճանապարհներ, հակառակ դեպքում վաղն ավելի վատ կարող է լինել։