13/12/2023 11:59
«Պրովոկացիա է անում, թող գոռա, որ գոռում է, ծափ տվեք». «Կովերի պարտեզում» իրավիճակը կրկին լարվել է (Տեսանյութ)
Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության և պահպանման շարժումը X-ի իր էջում տեսանյութ է տարածել՝ ներկայացնելով, որ թաղամասի «Կովերի պարտեզում» լարված իրավիճակ է:
Նշվում է, որ Քրիստոնյա արաբ, Xana Capital ընկերության ղեկավար Ջորջ Ուորվարը՝ Ռոթմանի բիզնես գործընկերը, նույնպես սկսել է սպառնալ հայերին:
«Ջորջ Ուորվարը ագրեսիվ կերպով ահաբեկում և սպառնում է Երուսաղեմի հայկական թաղամասի խաղաղ հայ համայնքին։ Լսվում է, որ նա ասում է. «Ես ձեզ հերթով դուրս կհանեմ։ Դուք աղբ եք»,-տեղեկացնում է շարժումը։
Հայ համայնքի ներկայացուցիչները կոչ են արել սադրանքներին չտրվել։ «Պրովոկացիա է անում, թող գոռա, որ գոռում է, ծափ տվեք»,-լսվում է հայկական կողմի արձագանքը։
Հիշեցնենք, որ Երուսաղեմի հայոց պատրիարքն իսրայելական «XANA CAPITAL» ընկերությանն ուղարկել է հայկական թաղամասի մոտ 25%-ի 99 տարով վարձակալության պայմանագիրը չեղարկելու նամակ, որից հետո իրավիճակը լարվել է վերաբնակիչների և հայ համայնքի միջև։ Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության և պահպանման շարժում է ձևավորվել, որը թույլ չի տալիս տարածքում շինարարություն իրականացնել։