13/12/2023 21:16
33,2 միլիարդ ռուբլի կծախսվի՝ Ռուսաստանում նախագահական ընտրությունները կազմակերպելու համար
Ռուսաստանի Դաշնությունում նախագահական ընտրությունների նախապատրաստման ու կազմակերպման համար 33,2 միլիարդ ռուբլի է տրամադրվել բյուջեից, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է միջոցները, հայտնել է ՌԴ ԿԸՀ նախագահի տեղակալ Նիկոլայ Բուլաևը։
«2023 թվականի դաշնային բյուջեում Ռուսաստանի Դաշնությունում նախագահական ընտրությունների նախապատրաստման համար նախատեսված են 33,2 միլիարդ ռուբլու չափով միջոցներ, որոնք ամբողջությամբ փոխանցվել են ՌԴ ԿԸՀ-ին։ Այդ միջոցներով իրականացվելու են ընտրությունների կազմակերպման հետ կապված բոլոր միջոցառումները»,- ասել է Բուլաևը։
Նշենք, որ նախագահական ընտրությունները Ռուսաստանում անցկացվելու են 2024 թվականի մարտի 15-17-ը։ Գործող նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մասնակցելու է ընտրություններին։