13/12/2023 09:39
«Հրապարակ». Ոչ թե փոխհամաձայնություն, այլ ադրբեջանական կողմի պահանջ և հայկական կողմի համաձայնություն
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Քրիստինե Վարդանյանը և Ասպրամ Կրպեյանն անցած ուրբաթ այցելել էին ՀՀ ԱԳՆ՝ Հայաստանի հարաբերությունների կարգավորման պայմանագրի, այլ կերպ ասած՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի առաջարկներին ծանոթանալու: Չնայած նրանք չեն հրապարակայնացնում, Մանուկյանի բնորոշմամբ՝ «հույժ գաղտնի նշումով փաստաթղթի կետերը», սակայն մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել 6 էջանոց գրագրությունից։ Ընդդիմադիրներին ոչ թե խաղաղության պայմանագրի տեքստն են ներկայացրել, այլ այն, թե կողմերն ինչ պահանջներ են դնում միմյանց առաջ։ Պարզվում է՝ ամենաառանցքային հարցերում փոխհամաձայնություն չկա, կա ադրբեջանական կողմի պահանջ և հայկական կողմի համաձայնություն։
Պարզվում է՝ Ալիևի համար ֆունդամենտալ նշանակություն ունի Արցախի զավթումը լեգիտիմացնելը։ Նա պահանջում է, որ Հայաստանը հստակորեն ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86.6 հզ/կմ-ն, որի կազմում է նաև Արցախը, ինչը կփակի «ռևանշի» հավանականությունը։ Բայց ինքը չի պատրաստվում գոնե ճանաչել Հայաստանի 29 հազար 800 ք/կմ-ն։ Ինչ-որ ընդհանուր ձևակերպում է նախընտրում, որ պայմանագրում ոչ թե թիվ ամրագրվի, այլ նշվի բառերով տարածքային ամբողջականության մասին։ Իսկ բուն ՀՀ տարածքը պարզ կդառնա սահմանազատումից հետո։ Մերժում է նաև դելիմիտացիան իրականացնել որևէ տարեթվի քարտեզով։ Ու թեև ընտրությունը 1974 և 79 թթ․ քարտեզների միջև է, սակայն Ադրբեջանը տարածքային նկրտումներ ունի և ուզում է դեմարկացիա-դելիմիտացիայի ժամանակ նոր տարածքներ զավթել Հայաստանից, ուստի որևէ քարտեզի հետ համաձայն չէ։ Առաջարկների մեջ նշված են նաև անկլավները, ճանապարհների ապաշրջափակումը։ Գեղամ Մանուկյանը նշել էր, որ «առաջարկներին ծանոթանալը միայն փաստեց դրա վտանգավորությունը և ամրապնդեց բոլոր մտավախությունները»»։