13/12/2023 20:06
ԶՊՄԿ-ի պահնորդի սպանությունից հետո պետական ոչ մի կառույցի ներկայացուցիչ չի այցելել նրանց տուն, այս օրերին էլ ընտանիքին չեն տեղեկացրել իրենց հարազատին սպանած ադրբեջանցուն Բաքվին հանձնելու մասին
Ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովի կողմից սպանված ԶՄՊԿ պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանի ընտանիքը տեղեկացված չի եղել նրան սպանող ադրբեջանցուն հայ ռազմագերիների հետ փոխանակելու մասին:
«Մեր կարծիքը չեն հարցրել։ Լավ է, որ գերիները գալիս են, թող բոլորն էլ գան, բայց այն, որ մեր ընտանիքի կարծիքն ընդհանրապես հաշվի չի առնվում, բարոյապես սխալ է։ Եկել են, սպանել են աներոջս, ու պետական կառույցներից որևէ մեկը չի գալիս, ասում` գիտե՞ք ինչ կա, քաղաքական հարց է, պետք է վերադարձնենք ադրբեջանցի մարդսպանին, ու դուք` որպես այդ ընտանիքի անդամներ, ճիշտ է, որ առաջինն իմանաք այդ մասին, ձեզ տեղեկացնենք»,- «Սպուտնիկ Արմենիա»-ին ասել է սպանված Հայրապետ Մելիքսեթյանի փեսան` Զորայր Գալստյանը։
Նա նշել է՝ աներոջ սպանությունից հետո պետական կառույցներից ոչ մի մարդ չի եկել իրենց տուն, անգամ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։
Գալստյանի խոսքով` Ադրբեջանը վերադարձնում է 32 մարդու, որոնք ընդհանրապես մեղք չեն գործել, թեև շինծու դատական գործեր էին սարքել այդ մարդկանց վրա, մինչդեռ Հայաստանը վերադարձնում է հանցագործի։
«Եթե Ադրբեջանը վստահ լինի, որ վերադարձվող հայ գերիներից մեկն անգամ չնչին ձևով իր պետությանը վնաս է տվել, նրան չի վերադարձնի։ Իսկ այստեղ գտնվող ադբեջանցին, գիտեն, որ սպանություն է արել ու հիմա` առանց ընտանիքի կարծիքը հարցնելու, նրան հանձնում են Ադրբեջանին։ Ուզում ենք, որ մարդասպանները ցմահ դատապարտվեն»,- ընդգծել է Գալստյանը։