13/12/2023 09:43
«Ժողովուրդ». Մանկապարտեզների տնօրեններին ասել են՝ դիմում գրեն, ազատվեն. ովքե՞ր են այդ տնօրենները
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ԱԱԾ-ի կողմից մանկապարտեզների սնունդի շուրջ բացահայտված ապօրինություններից հետո տնօրեններին ասել են՝ դիմում գրեն, ազատվեն, ինչն էլ տնօրեններն արել են:
Ավելին՝ գրել էինք, որ Երևան քաղաքի մանկապարտեզների տնօրենների են տարել ԱԱԾ՝ հարցաքննության, և քննությունը ցույց կտա՝ կկալանավորեն նրանց, թե ոչ։ Տեղեկացանք, որ ԱԱԾ-ում հարցաքննված տնօրենների մեջ եղել են նախկին պաշտոնյաների կանայք, որոնցից մեկը Երևանի թիվ 43 մանկապարտեզի տնօրեն Կարինե Հովակիմյանն է, որը «Խոսրով»-ի արգելոցի նախկին տնօրեն Հրաչյա Հովակիմյանի կինն է։ Վերջինիս ևս ասել են՝ դիմում գրի, ինքնակամ ազատվի։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Կարինե Հովակիմյանը նշեց, որ ինքն իր սեփական դիմումի համաձայն է ազատվել աշխատանքից: Ի դեպ, նկատենք, որ ԱԱԾ-ի այս բացահայտումից հետո 11 մանկապարտեզի ազատված տնօրենների զգալի մասը երկար տարիներ աշխատել են նախկին իշխանությունների օրոք, ու նրանց ազատվելու գործընթացն իրականացվեց այս բացահայտումից հետո։
Նշենք, որ ԱԱԾ-ն օրերս հայտնեց՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի մատակարարման պետական գնումների մրցույթներում հաղթող ճանաչված և սննդի մատակարարմամբ զբաղվող «Հայկազունք» և «Ֆոտոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների փաստացի սեփականատեր Յ.Ա-ն, նշված ընկերություններում վարորդ-առաքչի գործառույթներ փաստացի իրականացնող Պ.Մ-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում մեկ միասնական դիտավորությամբ, խաբեության եղանակով կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, առանձապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու դիտավորությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, տեղական ինքնակառավարման մարմնի կազմակերպության և առևտրային կազմակերպության կողմից տրվող, իրավաբանական նշանակության փաստ հաստատող և հատուցման իրավունք վերապահող, տարբեր տեսակի սննդի պահանջարկի և մատակարարված լինելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող ուռճացված տվյալներ են ներկայացրել։ Ըստ ԱԱԾ-ի՝ 2023 թվականի փետրվարից նոյեմբեր ամիսների ընթացքում փոխանցման եղանակով ստացել և խաբեության եղանակով հափշտակել են փաստացի չմատակարարված ապրանքների խմբաքանակների դիմաց վճարված առանձնապես խոշոր չափերով գումարները»։