13/12/2023 09:53
«Ժողովուրդ». ՔՊ-ն մտադիր է առաջիկայում ազատվել բոլոր ընդդիմադիր համայնքապետերից. Փաշինյանը որոշում ունի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 6-ին Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել էր «Բալասանյան դաշինք»-ի հետ համագործակցության հուշագիրը խզելու մասին: ՔՊ-ն պարզաբանել է, թե խախտվել են համագործակցության գրեթե բոլոր սկզբունքները, որ «Բալասանյան դաշինք»-ը ստվերային կառավարում է իրականացնում Գյումրիում և կառավարվում է դրսի ուժերի կողմից:
«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՔՊ-ի և «Բալասանյան դաշինք»-ի «ապահարզանի» գործընթացից: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մտադրված է հնարավորինս շուտ ազատվել բոլոր այն համայնքապետերից, որոնք ՔՊ-ական չեն, հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից կամ չեզոք են պահում իրենց: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, ժամանակին ՔՊ-ի և «Բալասանյան դաշինք»-ի միջև համագործակցության հուշագիր կնքելու և համատեղ իշխանություն ձևավորելու գործընթացի «կնքահայրը» եղել է ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը. նա է բանակցությունները վարել ու պայմանավորվածություն ձեռք բերել, որ դաշինքը կայանա:
Հիմա Նիկոլ Փաշինյանը Ռոմանոս Պետրոսյանին ասել է, որ իրեն չի հետաքրքրում, թե վերջինս ինչ պայմանավորվածություններ է ձեռք բերել, ում ինչ է խոստացել, ինքը քաղաքական որոշում ունի, որ տեղական ինքնակառավարման մարմիններում չպետք է լինի մարդ, որը ՔՊ անդամ չէ, այսպես ասած՝ իրենց մարդը չէ. եթե կուսակցության տեսակետը չի կիսում, ապա պետք է շուտ ազատվել նրանից: Այսպիսով, ՔՊ-ն մտադիր է առաջիկայում ազատվել բոլոր ընդդիմադիր համայնքապետերից. Կապան, Գորիս և մյուս համայնքներում պետք է ՔՊ-ի «սրտի ղեկավարներ» նշանակվեն: Մեր տեղեկություններով՝ այս ընթացքում ՔՊ-ն «Բալասանյան դաշինք»-ի անդամ ավագանիների վրա ճնշումներ է գործադրում, որպեսզի ավագանիները գնան և ընտրեն այն թեկնածուին, ում ՔՊ-ն կասի: Փաշինյանը նպատակ ունի իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռանը՝ Վահագն Մկրտչյանին դարձնել Գյումրու համայնքապետ: Իրավիճակի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև Ռոմանոս Պետրոսյանից, սակայն վերջինս մեր զանգերին չպատասխանեց»։