14/12/2023 12:23
Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացն առաջին անգամ դրվում է ինստիտուցիոնալ հենքի վրա. Նիկոլ Փաշինյան
ՀՀ կառավարությունը հաստատեց Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգը։
ՀՀ արդարադատության փոխնախարար Արա Մկրտչյանը, որը ներկայացնում էր նախագիծը, ասաց, թե աշխատակարգի ընդունման արդյունքում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների անդամներին հնարավորություն է ընձեռնվում նիստերի անցկացման ու համատեղ աշխատանքների իրականացման միջոցով ստեղծել հիմքեր սահմանազատման ու սահմանագծման գործընթացների, դրանց իրավական ու տեխնկական ասպեկտների մշակման համար՝ հետագայում երկու պետությունների միջև պետական սահմանի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ մշակելու ու ստորագրելու նպատակով։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, թե այս փաստաթուղթը այս պահին կարգավորում է կազմակերպչական հարցեր, թե ինչպես են հարաբերվելու երկու կողմերը։
«Հաջորդ փուլում պետք է մշակենք մեկ այլ կանոնակարգ, նորից կքննարկենք, հետո իրավական ակտի տեսք կտանք, որն արդեն ավելի բովանդակային կլինի, քանի որ դրանով արդեն պետք է նկարագրենք մեթոդաբանությունն ու սահմանումներ պետք է տանք, թե ինչ ենք հասկանում քարտեզի սահմանման տակ, ինչը գերկարևոր է ու ինչ ենք հասկանում իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթի տակ։ Կարծում եմ՝ այդ մեթոդաբանությունը համաձայնեցնելուց հետո, աշխատանքները կշարունակենք կոնկրետ փաստաթղթերով ու տոպոգրաֆիկ քարտեզների քննարկման ձևաչափով»,- մանրամասնեց Գրիգորյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե նման որոշում պետք է հաստատի նաև ադրբեջանական կողմը։
«Սահմանազատման գործընթացն առաջին անգամ դրվում է ինստիտուցիոնալ հենքի վրա, սա շատ կարևոր է»,- նշեց Փաշինյանը։
Վարչապետն ասաց, թե պետք է ակտիվացնել աշխատանքը այս ուղղությամբ ու փորձել առաջընթաց գրանցել։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 30-ին տեղի էր ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հինգերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
Հանդիպումը տեղի էր ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին։
Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետները մի շարք պայմանավորվածություններ էին ձեռք բերել։