14/12/2023 19:20
Ինչպես ազատվել վիսցերալ ճարպից
Հաճախ կլորիկ փորը կարող է բացասական ազդեցություն ունենալ ներքին օրգանների բնականոն աշխատանքի վրա, նույնիսկ կարող է նկատվել ներքին օրգանների ճարպակալում։
Մարդու մարմնի ճարպի մեծ մասը գտնվում է մաշկի տակ։ Այն հեշտ է հայտնաբերել և չափել՝ այն փափուկ է և կարելի է սեղմել: Վիսցերալ ճարպը, ընդհակառակը, կուտակվում է մարմնի խորքում՝ որովայնի խոռոչի օրգանների միջև: Եթե այն շատ չլինի, կարող է չնկատվել։ Ընդ որում, ներքին օրգանների ճարպը սովորականից շատ ավելի վտանգավոր է, քանի որ մեծացնում է բազմաթիվ լուրջ հիվանդությունների առաջացման վտանգը։
Վիսցերալ ճարպը արտադրում է տոքսիններ, որոնք առաջացնում են քրոնիկական բորբոքումներ, բարձրացնում են շաքարի մակարդակը և քայքայում արյան անոթները։
Դրա մեծ քանակություն ունեցող մարդկանց մոտ աճում է կլոր, դժվար շոշափվող ստամոքս։ Վիսցերալ ճարպը կուտակվում է այնպես, ինչպես ենթամաշկային ճարպը՝ նստակյաց ապրելակերպի, չափից շատ ուտելու և ալկոհոլի պատճառով: Ամենից հաճախ դրա ավելցուկից տուժում են միջին և տարեց տղամարդիկ։ Որոշ մարդիկ էլ գենետիկորեն են հակված ներքին օրգանների ճարպակալման ռիսկին:
Գենետիկան ազդում է ոչ միայն ճարպակալման նախատրամադրվածության վրա, այլև մարդու օրգանիզմում ճարպի և նիհար զանգվածի հարաբերակցության վրա։ Տարբեր ազգերի ներկայացուցիչների մոտ ճարպի բաշխման տեսակները կարող են տարբեր լինել։ Կարևոր ցուցանիշ է գոտկատեղ-ազդր հարաբերակցությունը:
Օրգանիզմում դրա գերակշռությունը կապված է մետաբոլիկ հիվանդությունների զարգացման ռիսկի հետ, ինչպիսիք են 2-րդ տիպի շաքարային դիաբետը, հիպերգլիկեմիան, հիպերտոնիան և սրտանոթային այլ պաթոլոգիաները:
Վիսցերալ ճարպի նորմ չկա: Ընդհանուր առմամբ, որքան փոքր է, այնքան լավ: Բայց դա նույնպես չի կարող իսպառ բացակայել օրգանիզմից։ Ենթադրվում է, որ սովորաբար ներքին օրգանների ճարպը կազմում է մարմնի ընդհանուր ճարպի 10%-ը:
Անհնար է ինքնուրույն չափել ներքին օրգանների ճարպի քանակը. Գործնականում բժիշկները գրեթե երբեք չեն ձգտում իմանալ դրա ճշգրիտ քանակությունը և օգտագործում են հիմնական մեթոդներ՝ մարմնի ընդհանուր ճարպը գնահատելու համար:
Եթե ճարպը կուտակվում է հիմնականում ազդրերում, այլ ոչ թե որովայնում, ապա ավելի քիչ հավանական է, որ կլինի ներքին օրգանների ճարպակալման վտանգ։
Մարմնի մեջ ճարպային հյուսվածքն արտադրում է մի շարք հորմոններ՝ լեպտին, ադիպոնեկտին, ռեզիստին, բորբոքային ցիտոկիններ, ինչպես նաև ծառայում է որպես սեռական ստերոիդների և գլյուկոկորտիկոիդների ակտիվ արտադրության և նյութափոխանակության կարևոր տեղամասերից մեկը։ Բայց եթե ենթամաշկային ճարպի հիմնական գործառույթը մարմնի ջերմաստիճանի պահպանումն ու օրգանիզմի կենսագործունեության ապահովումն է, ապա վիսցերալ ճարպը շատ ավելի ակտիվորեն մասնակցում է օրգանիզմի կենսաքիմիական գործընթացներին։ Վիսցերալ ճարպի մասնաբաժնի ավելացումը ճարպային հյուսվածքի ընդհանուր քանակի նկատմամբ ավելի քան 15%-ով կարող է հանգեցնել հորմոնալ անհավասարակշռության, ինչն էլ՝ շաքարային դիաբետի, հիպերտոնիայի, ուռուցքների և դեմենցիայի։
Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, որ վիսցերալ ճարպի ավելցուկի առկայությունը հանգեցնում է արյան մեջ տրիգլիցերիդների մակարդակի բարձրացման, «լավ» խոլեստերինի համամասնության նվազմանը և «վատ» խոլեստերինի ավելացմանը։
Վիսցերալ ճարպից ազատվելու համար քաշի կորստի ցանկացած ավանդական մեթոդ՝ դիետաներ, վարժություններ և ապրելակերպի այլ փոփոխություններ, հարմար կլինի: Միևնույն ժամանակ, ներքին օրգանների ճարպերը ավելի արդյունավետ են վերանում, քան ենթամաշկային ճարպերը:
Էնդոկրինոլոգները տալիս են մի քանի պարզ խորհուրդներ, թե ինչպես հեռացնել ներքին օրգանների ճարպը.
կանոնավոր վարժություններ կատարել. լավագույնն է նախընտրել միջին ինտենսիվության աերոբիկ վարժություններ,
հրաժարվել հեշտությամբ մարսվող ածխաջրերից,
հեռացնել տրանս ճարպերը և արագ սնունդը սննդակարգից,
պահպանել խմելու ջրի ռեժիմը օրվա ընթացքում։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ