14/12/2023 18:36
Թեհրանը փորձում է հայ-իրանական սահմանին հավելյալ կարևորություն տալ, որ խափանի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը. Գարիկ Միսակյան
ILNA գործակալության փոխանցմամբ, Իրանը ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կստորագրի։
«Կարծում եմ՝ Իրանը փորձելու է որոշ տնտեսական գոտիներ հատկացնել ԵԱՏՄ-ին՝ կամ ազատ տնտեսական գոտիների ձևաչափով, կամ հատուկ տնտեսական գոտիների ձևաչափով՝ հավանաբար Կասպից ծովի առափնյա հատվածներում, խոսվում է նաև հայ-իրանական սահմանային հատվածի մասին, եթե գործարկվի Մեղրիի ազատ տնտեսական գոտին», - Aysor.am-ի հետ զրույցում նշել է իրանագետ Գարիկ Միսակյանը՝ ընդգծելով՝ հիմնական նպատակն է ԵԱՏՄ-ի հետ ցամաքային առևտրի զարգացումը։
Նրա խոսքով՝ հինմնական խնդիրը ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների զարգացումն է, մասնավորապես՝ Ռուսաստանի։
«Հաշվի առնելով վերջին շրջանում Իրան-ՌԴ հարաբերությունների մերձեցումը, սա կարելի է համարել Իրանի կողմից ևս մեկ դրական քայլ՝ նաև միջազգային հարթակներում Ռուսաստանի հետ գործակցությունն ընդլայնելու ուղղությամբ», - ասել է նա։
Գարիկ Միսակյանի գնահատմամբ՝ եթե գործարկվի Մեղրիի ազատ տնտեսական գոտին, դա հայ-իրանական սահմանին հավելյալ կարևորություն կհաղորդի։
«Ինչ վերաբերում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի ծրագրին, երբ Իրանի հոգևոր առաջնորդը Էրդողանի, Պուտինի ներկայությամբ շեշտեց, որ հայ-իրանական սահմանը հազարամյակների սահման է, չպետք է խախտվի, դրանից հետո Իրանի բոլոր գործողությունները միտված են այդ՝ այսպես կոչված միջանցքի ծրագիրը չեղարկելուն՝ լինի դա թե սեփական տարածքով Ադրբեջանին ինչ-որ ճանապարհներ տրամադրելով, թե Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելով։ Իրանն այսկերպ փորձում է հայ-իրանական սահմանին տալ լրացուցիչ կարևորություն՝ թե ներքին լսարանի, թե միջազգային հանրության համար, որպեսզի Զանգեզուրի միջանցք կոչված ծրագիրը խափանվի՝ ինչ փաթեթավորմամբ էլ, որ այն ներկայացվի», - ասել է նա;