14/12/2023 16:13
Որևէ մեկի հայտարարությամբ չի կարող Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լուծարվել. Սերժ Սարգսյան
Այս իշխանություններից ամեն ինչ էլ սպասելի է, ի՞նչ է նշանակում՝ Արցախի պետական ինստիտուտները լուծարում են, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Ոչինչ չի լուծարվել։ Ի՞նչ է նշանակում՝ լուծարում են, ենթադրենք՝ լուծարում են, իրենք հո հավերժ չեն լինելու։ Դա, բնականաբար, կախված է մարդկանցից, ովքեր բռնի տեղափոխվել են Հայաստանի Հանարապետություն։ Եթե նրանք ցանկություն չունենան, ապա ոչ մի բան էլ հնարավոր չի լինելու անել»,-ասաց Սերժ Սարգսյանը։
Նա նշեց, թե Արցախի լուծարման վերաբերյալ Սամվել Շահրամանյանի հայտարարությունը ոչինչ չի նշանակում.
«Որևէ մեկի հայտարարությամբ չի կարող Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լուծարվել»։
Նախագահն ասաց, թե չի անդրադառնա խաղաղության պայմանագրին, քանի որ չգիտի, թե դրանում ինչ կա գրված։
«Պայմանագիրը փաստաթուղթ է, որ պետք է ուսումնասիրել, հասկանալ, տեսնել։ Եթե ես այդ փաստաթուղթը չեմ տեսել, ինչպե՞ս մեկնաբանեմ այն։ Դա Հայաստանի կառավարիչների գործելաոճն է։ Դուք հիշո՞ւմ եք որևէ լուրջ պայմանագիր, որ Հայաստանի Հանրապետության կողմից մինչև 2018 թվականը ստորագրվել է և ստորագրվել է գաղտնի։ Էս մարդիկ չեն ուզում, որ հանրությունը տեղյակ լինի»։