14/12/2023 17:27
Անհրաժեշտ է համազգային նոր զարթոնք, վերածնունդ, ռևանշ․ Արտակ Զաքարյան
Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը համոզված է՝ ստեղծված իրավիճակից կան ելքեր, լուծումներ, իրական տեսլականներ, «որոնք կյանքի են կոչվելու առանց ՔՊ-ի և նրանց սատելիտների»:
«Մեր պետությունն այժմ գտնվում է պատմական այնպիսի կրախի առջև, որին անհրաժեշտ է միայն համազգային նոր զարթոնք, վերածնունդ, ռևանշ: Այլապես բախտորոշ գեոպոլիտիկ քամիները խորտակման են տանելու հայկական պետականության նավակը (Սերժ Սարգսյանի թողած ինքնավստահ զարգացող երկրից վերածվել ենք բախտի քմահաճույքով ալեկոծ ճոճվող ու այսուայնկողմ բախվող նավակի):
Ընդհանուր առմամբ, աշխարհի շատ երկրներ են այսօր փնտրում անվտանգ և կայուն ապրելու բանաձևեր. նույնիսկ խոշոր, զարգացած ու մինչև ատամները զինված երկրները:
«Ես իմ մի փոր հացն ունենամ, Նիկոլը երկրի հետ ինչ ուզում է, թող անի» բանաձևը իմ տպավորությամբ՝ շատերի սրտով չէ: Արցախի հանձնումից հետո մարդկանց մեծ մասը հասկանում է ահագնացող վտանգի աստիճանը: Հասկանում է, որ «իշխանությունների» շնորհիվ կարող են կորցնել նաև եղածը` բախվելով էկզիստենցիալ նոր պրոբլեմների հետ:
Միայն խաբեությամբ, աչքակապությամբ ու ակնհայտ անպատասխանատվությամբ իշխանություն պահել չես կարող: Օտար երկրներից ստացվող «քաղցր» խոստումներով ու անմիտ ողջույններով անվտանգություն չես կառուցի: Դրսից պաշտպանվածություն մուրալով` երբեք պաշտպանված չես լինի: Բռնաբարված ժողովրդավարությամբ ու ներքին թշնամանքով` քաղաքացիական հասարակություն չես ունենա: Աշխարհով մեկ թափառող և պետություններ քայքայող կեղծ լիբերալիստական արժեքներով` ազգային պետություն չես ունենա: Կրթությունդ, մշակույթդ, հավատքդ, ազգային արժեքներդ օտարների պատկերացումներին հարմարեցնելով` ապագա չես ունենա: Սփյուռքիդ լռեցնելով և պետությունից օտարելով` համազգային ներուժ չես ստեղծի: Արցախը դավադրաբար հանձնելով` հանգիստ ապագա չես ունենա...
Այս իրավիճակից անշուշտ կան ելքեր, լուծումներ, իրական տեսլականներ, որոնք կյանքի են կոչվելու առանց ՔՊ-ի և նրանց սատելիտների:
Հայ ժողովրդի համար ազգային զարթոնքը, եթե կուզեք` գաղափարական ռևանշը, արժանապատիվ և անվտանգ ապագայի միակ իրական երաշխիքն է»,- սոցցանցի իր էջում գրել է Արտակ Զաքարյանը: