14/12/2023 13:59
Ռուսական կողմին երաշխավորվել է, որ շեղումով որևէ բեռ ՀՀ սահմանը հատել չի կարող. Հայրապետյանը զգուշացրել է տնտեսվարողներին
Ամենայն ուշադրությամբ պետք է հետևել արտահանման ներկայացվող արտադրանքի որակին։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանն այս մասին ասել է բուսասանիտարական ենթահսկման բեռներ արտահանող տնտեսավարողներին` ներկայացնելով ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարի հետ քննարկման արդյունքները։
Ինչպես հայտնում է տեսչական մարմնի մամուլի ծառայությունը, ՍԱՏՄ ղեկավարը տեղեկացրել է ՌԴ գործընկերների դիրքորոշումը` խտրական վերաբերմունք որևէ երկրի, այդ թվում՝ Հայաստանի, բեռների նկատմամբ չի լինելու: Նրանք վստահեցրել են, որ բեռներն անցնելու են փաստաթղթային, ֆիզիկական ու լաբորատոր փորձաքննություն և խնդիրներ չհայտնաբերելու դեպքում անարգել անցնելու են վրաց-ռուսական սահմանի Լարսի անցակետը:
Հայրապետյանը տնտեսվարողներին նաև տեղեկացրել է, որ ինքը ռուսական կողմին երաշխավորել է, թե արտահանվող բուսասանիտարական ենթահսկման բեռների անվտանգության հավաստագրերը տեսչական մարմնի կողմից տրվելու են միայն մանրամասն ուսումնասիրությունից հետո:
«Ապահովեք հետագծելիությունը. շեղումով որևէ բեռ ՀՀ սահմանը հատել չի կարող», - ասել է տեսչական մարմնի ղեկավարը:
Տնտեսվարողները հայտնել են, որ դեկտեմբերի 1-ից հետո իրենց բեռներից շատերն արդեն անարգել անցել են Լարսի սահմանակետը: