14/12/2023 18:04
Որպես հանրություն՝ այն գորտի վիճակում ենք, որին դնում են սառը ջրի մեջ, աստիճանաբար եփում են, բայց գորտը այդպես էլ չի զգում, որ իրեն սպանում են. Սուրեն Սահակյան (Տեսանյութ)
Կարծում եմ՝ դավաճանություն է երկրի պետական շահերին դեմ գործելը, այդ շահերն անտեսելը, թշնամական շահեր սպասարկելը։ Ինչ վերաբերում է իրավապահ համակարգին, պետական ինստիտուտներին, պաշտոնյաներին, երբ մարդը մի անգամ, երկու անգամ հայտնվում է շրջափուլում, եթե նույնիսկ գիտակցում է, որ մասնակցում է պետական դավաճանությանը, ապա արդեն հանցակից է և համարում է, որ դարձի ճանապարհ չունի,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Զանգ» շարժման անդամ Սուրեն Սահակյանը։
«Իշխանության և իշխանամերձ քարոզիչների արդարացումները, թե Հայաստանն ուժ, ռեսուրս չունի դիմադրության, հետևաբար պետք է զիջենք, անընդունելի են։ Երկրները լինում են թույլ և ուժեղ, հակադրվող կողմերը, եթե իմանան, որ ուժերը հավասար են, պատերազմ, բախում չի լինի։ Ե՞րբ է թույլ կողմն ասում՝ դե, մենք թույլ ենք, հանձնվում ենք, ինչ պետք է՝ կզիջենք։
Մենք՝ որպես հանրություն, հայտնվել ենք այն գորտի դերում, որին սառը ջրի մեջ են դնում, հետո սկսում են տաքացնել ջուրը, քանի դեռ ջերմաստիճանը կրիտիկական կետին չի հասել, գորտը քանի դեռ չի եփվել, չի էլ հասկանում, որ եփվում է։ Նույնը մեզ հետ է տեղի ունենում. Հանրությունը չի գիտակցում, թե ինչ է տեղի ունենում իրականում։ Երբ որևէ զիջման է գնում իշխանությունը, հանրության մեջ դիմադրության էներգիա է կուտակվում, ապա իշխանությունը տարածում է օրակարգ, թե էլ ոչինչ չեն զիջելու, ընդդիմությունն ակցիաներ է անում, տապալում, հանրության էներգիան մսխվում է. արդյունքում ոչինչ չի փոխվում»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում