14/12/2023 09:42
«Հրապարակ». Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց օրենքի նախագծի երկրորդ ընթերցումը կմնա հաջորդ տարվան
«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանը մինչև տարեվերջ ևս մեկ արտահերթ նիստ կհրավիրի, հավանաբար՝ դեկտեմբերի 20-21-ին: Մինչև դեկտեմբերի 17-ը դժվար թե նիստ անեն, ՔՊ-ն բոլոր ուժերը մոբիլիզացրել է կուսակցության քաղաքական ժողովի վրա, որը կայանալու է Գյումրիում՝ դեկտեմբերի 17-ին։ Ըստ ամենայնի, Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց օրենքի նախագծի երկրորդ ընթերցումն էլ կմնա հաջորդ տարվան, առաջին ընթերցումը եղավ երկու օր առաջ՝ արտահերթ նիստում: Ինչպես տեղեկացրել էինք, ՔՊ-ականների կողմից էլ այն միանշանակ չի ընդունվել, ուստի մտադիր են էական փոփոխությունների ենթարկել:
Դիցուք` գոնե 6 ամսվա ծառայությունը պարտադիր դարձնել։ Առաջարկվող նախագծով նախատեսվում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ՝ ազատվելու քրեական պատասխանատվությունից՝ 1) զինվորական ծառայություն անցնել 24 ամիս ժամկետով, 2) զինվորական ծառայություն անցնել 12 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 2 մլն 500 հազար դրամ, 3) զինվորական ծառայություն անցնել 6 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 5 մլն դրամ, 4) զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 10 մլն դրամ, 5) զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարել 15 մլն դրամ: Ըստ մեր աղբյուրների՝ մեծամասնությունը կողմ է, որ վերջին երկու կետը հանվի նախագծից»։