14/12/2023 09:53
«Հրապարակ». Տիկին փոխնախարարը որոշել է ավելի հեռուն գնալ և Վահե Ղազարյանի դեմ պայքարում ներգրավել նաև Սասուն Խաչատրյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրատվամիջոցները հայտնեցին, որ Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ միջոցառում է իրականացրել Սյունիքում և ձերբակալել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գորիսի բաժնի պետ Մուշեղ Գևորգյանին և Կապանի բաժնի պետի տեղակալ Վաղարշակ Գինոսյանին: Թե ինչու են ձերբակալվել, նախաքննության շահերից ելնելով՝ չեն հայտնում։ Մեր տեղեկություններով՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները ձերբակալվել են ծառահատման գործընթացի հովանավորչության կասկածանքով, երկուսն էլ Վահե Ղազարյանի մտերիմներն են` նրա նշանակած կադրերը, ընդ որում՝ Գորիսի պետն օրերս է նշանակվել՝ նոյեմբերի 28-ին։
Համակարգում կարծում են, որ այս ձերբակալության հիմքում ՆԳ նախարար Վահե Ղազարյանի և նրա տեղակալ Արփինե Սարգսյանի հակամարտությունն է, որը կամաց պատերազմի է վերածվում։ Արփինե Սարգսյանը, ինչպես հաղորդել էինք, վայելում է արևմտամետների, սորոսականների աջակցությունը և աջակցում է նրանց Վահե Ղազարյանին հեռացնելու գործում: Հիմա տիկին փոխնախարարը որոշել է ավելի հեռուն գնալ և Ղազարյանի դեմ պայքարում ներգրավել նաև Սասուն Խաչատրյանին»։