15/12/2023 19:54
Ֆինլանդիայի կողմից սպառնալիք է ի հայտ եկել․ Կրեմլ
Ռուսաստանը ցավում է, որ Ֆինլանդիայի կողմից սպառնալիք է առաջացել, դա, անկասկած, կհանգեցնի լարվածության՝ երկու երկրների միջև, մեկնաբանելով ԱՄՆ-ի հետ պաշտպանական համաձայնագիր կնքելու՝ Ֆինլանդիայի որոշումը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Մեզ մնում է միայն ափսոսալ դրա կապակցությամբ, քանի որ մենք հիանալի հարաբերություններ ունեինք Ֆինլանդիայի հետ, ոչ ոք ոչ մեկին չէր սպառնում, ոչ մի խնդիր չի եղել, որևէ պահանջ չի եղել միմյանց նկատմամբ, ոչ ոք չի ոտնահարել մյուսի շահերը, եղել է փոխադարձ հարգանք։ Իսկ այժմ, երբ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի անդամ է դարձել, ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքները կհայտնվեն այդ երկրի ներսում, իսկ ռուսական կողմի համար դա սպառնալիք կներկայացնի»,- ասել է Պեսկովը։
Նշենք, որ ավելի վաղ Ֆինլանդիայի կառավարությունը հայտարարել էր, որ դեկտեմբերի 18-ին ԱՄՆ-ի հետ համաձայնագիր է ստորագրելու ռազմական ոլորտում համագործակցության մասին։ Միջազգային մամուլի հրապարակումների համաձայն էլ՝ Ֆինլանդիան այս համաձայնագրի շրջանակներում ԱՄՆ զինվորականների համար հասանելիություն կապահովի իր երկրի տարածքում գտնվող 15 ռազմաբազաներ։