15/12/2023 23:10
Երազներ տեսնում են բոլորը, նույնիսկ կույր մարդիկ․ Փաստեր, որոնք շարունակում են զարմացնել
Մարդկանց բոլոր ժամանակներում հետաքրքրել են իրենց երազները։ Հնում դրանք համարվում էին մեկ այլ աշխարհից ուղարկված գաղտնագրված հաղորդագրություն, որը վերծանել կարող էին միայն քրմերը, կախարդները։ Ժամանակակից մարդն այլ կերպ է ընկալում այս երևույթը, սակայն երազների նկատմամբ հետաքրքրությունը չի նվազում։
Մի քանի փաստեր կան գիշերային քնի ու երազների մասին, որոնք շարունակում են զարմացնել մարդկանց։ Ահա դրանցից ամենաուշագրավները․
Քնած ժամանակ մարդը պարալիզացված վիճակում է գտնվում, որպեսզի չկրկնի այն շարժումները, որոնք երազում է կատարում։
Երազներ տեսնում են բոլորը, նույնիսկ այն մարդիկ, որոնք պնդում են, որ երազներ չեն տեսնում կամ տեսնում են հազվադեպ։ Պարզապես երազների 90 տոկոսը մարդիկ մոռանում են։
Կույր մարդիկ նույնպես «տեսնում են» երազներ, պարզապես դրանք արտահայտվում են ձայների, համի, տարբեր այլ զգացողությունների, էմոցիաների տեսքով։ Այն մարդիկ, որոնք կուրացել են կյանքի որոշակի ժամանակահատվածում, տեսնում են ամենասովորական, նաև վառ ու գունավոր երազներ։
Արտաքին գործոններն ու գրգռիչներն իրենց ազդեցությունն ունեն մարդու երազների վրա․ օրինակ, քնած ժամանակ մարդը կարող է ձայներ լսել, որոնք իրականում հնչում են պատուհանից այն կողմ կամ սենյակում, որտեղ նա քնած է։ Այդ ձայները միահյուսվում են նրա տեսած երազի սյուժեին։ Հաճախ երազում մարդը ինչ-որ բան է ցանկանում անել, որը ոչ մի կերպ չի ստացվում, օրինակ՝ ջուր խմել։ Արթնանալիս նա հասկանում է, որ իրականում ծարավ է։
Գիշերային քունը մարդու ամբողջ կյանքի ընթացքում միջինում 25 տարի է կազմում, այդքան տարի նա «քնած» է անցկացնում, որից 6 տարին երազներին «հատկացված» ժամանակն է։
Երազում մենք տեսնում ենք միայն այն մարդկանց դեմքերը, ում կյանքում թեկուզ մեկ անգամ հանդիպել ենք։ Մարդիկ, որոնք պնդում են, որ անծանոթի են տեսել երազում, պարզապես մոռանում են, որ կյանքի որոշակի դրվագում հանդիպել են նրան։
Մարդը կարող է կառավարել իր երազները՝ սեփական վարքագիծն ու իրավիճակը, որը տեսնում է երազում։ Դա տեղի է ունենում, եթե նա կենտրոնանում է երազում տեղի ունեցող իրադարձությունների վրա, իսկ երևույթը կոչվում է գիտակցված երազատեսություն։
Երազում մարդու ենթագիտակցությունը «խոսում» է նրա հետ․ հաճախ մարդը երազում լուծում է որևէ մի խնդիր, որն իրական կյանքում է իր լուծմանը սպասում, այսինքն, ենթագիտակցությունը «հուշում» է ելքը։ Համարվում է նաև, որ մի քանի մեծ հայտնագործություններ հայտնի գիտնականները երազում են արել։ Դրա ամենավառ օրինակներից մեկը Մեդելեևի աղյուսակն է։ Երևույթը բացատրվում է նրանով, որ արթուն վիճակում մարդու գիտակցությունը սահմանափակված է որոշակի շրջանակներով, իսկ երազում սահմաններն ընդլայնվում են. հիշողության մեջ արթնանում են կուտակված փորձը, ազդակներ են գալիս նաև ենթագիտակցության խորքից։
Մարդիկ երբեմն այնքան վառ ու գունավոր երազներ են տեսնում, որ դրանց մասին չեն մոռանում երկար տարիներ։ Գունավոր հեռուստատեսության գյուտից հետո վառ ու գունեղ երազներ տեսնող մարդկանց թիվն ավելացել է։
Արթուն ժամանակ մարդը երբեմն դեժավյուի զգացողություն է ունենում․ նրան թվում է, որ արդեն մեկ անգամ եղել է այն իրավիճակում, որում գտնվում է, կամ նախկինում վերապրել, լսել ու տեսել է այն, ինչն այդ պահին է կատարվում։ Մեծ է հավանականությունը, որ այդ ամենը նա ինչ -որ մի օր տեսել է երազում, պարզապես արթնանալուց հետո մոռացել է այդ մասին։
Նախկինում ծխող մարդիկ ավելի բովանդակալից և իրականությանը ավելի մոտ երազներ են տեսնում։ Ամենից հաճախ նրանք երազում ծխում են, բայց այդ ընթացքում մեղքի զգացողություն են ունենում։
Քնած ժամանակ մեր ենթագիտակցությունը մեզ «ուղարկում է» սիմվոլներ ու նշաններ, այդ պատճառով էլ երազների բովանդակությունը, սյուժեն չպետք է բառացիորեն ընկալել, այն պետք է տարբերակել, վերծանել իմաստը, այն ազդակը, որը երազի միջոցով մեզ է ուղարկում մեր ենթագիտակցությունը՝ «օգտվելով» խորհրդանիշներից։
Մարդկանց 12 տոկոսը «սև ու սպիտակ», ոչ թե գունավոր երազներ է տեսնում։ Մի խումբ սյուժեներ կան, որոնք երազում տեսնում են բոլորը՝ իրավիճակ դպրոցում, ինստիտուտում կամ աշխատավայրում, հետապնդումից խուսափելու փորձ, անկում՝ բարձր տեղից կամ թռիչք դեպի վեր, մարդու մահ, ընկած ատամներ, քննությունների տապալում, ավտովթար և այլն։
Մինչև երեք տարեկան երեխաները երազում իրենք իրենց չեն տեսնում, իսկ երեքից ութ տարեկան երեխաները գիշերն ավելի շատ մղձավանջներ են տեսնում, քան մեծահասակները՝ հասուն կյանքի ընթացքում։
Նախկինում բանտերում դատապարտյալներին պատժելու ամենադաժան և ցումունքներ կորզելու առումով՝ ամենաարդյունավետ միջոցներից մեկն է եղել նրան քնից զրկելու մեթոդը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն