15/12/2023 11:36
Հունաստանն աջակցում է ԵՄ մասնակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների վերսկսմանը
Հունաստանն աջակցում է ԵՄ մասնակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների վերսկսմանը. այս մասին իր X-ի միկրոբլոգում գրել է Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպումից հետո։
Նա նշել է, որ դա արվում է տարածաշրջանի ժողովուրդների համար խաղաղության և անվտանգության պայմանների հասնելու նպատակով։
«Մենք կանգնած ենք, ինչպես դա բնական է և սպասելի, հայ ժողովրդի կողքին», - գրել է նա։
Պաշտոնյան նաև անդրադարձել է Ուկրաինայի ու Մերձավոր Արևելքի իրադարձություններին ու նշել, որ Հունաստանը հստակ դիրքորոշում ունի աջակցել երկխոսությանը՝ հիմնված Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության և միջազգային իրավունքի սկզբունքների վրա:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հունաստան կատարած այցի շրջանակում հանդիպել է իր գործընկեր Նիկոս Դենդիասի հետ ու ստորագրել ռազմատեխնիկական ոլորտին առնչվող համագործակցության համաձայնագիր։