15/12/2023 17:14
Երբ Ղարաբաղում պшտերազմ էր, հայ պատգամավորներն ամեն շաբաթ իմ աշխատասենյակում էին, օգնություն էին խնդրում, իսկ այսօր ոչ ոք չկա. Պետդումայի փոխխոսնակ
ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը դեկտեմբերի 15-ին ելույթ է ունեցել «Ռուսաստան-Հայաստան» առաջին հանրային ֆորումի բացման ժամանակ՝ նախազգուշացնելով Ռուսաստանից Հայաստանի հեռվանալու վտանգների մասին։
«ՌիաՆովոստի»-ի հաղորդմամբ՝ Տոլստոյը նշել է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը կից գործում է 2500 հասարակական կազմակերպություն, իսկ դեսպանատունն ԱՄՆ ամենամեծ ներկայացուցչությունն է ողջ հետխորհրդային տարածքում: Նա նշել է, որ այդ «ՀԿ-ները դրամաշնորհներ, գումարներ են բաժանում և հայ երիտասարդներին, հայ հասարակությանը համոզում են, որ Հայաստանը կարող է ապրել առանց Ռուսաստանի»:
Փոխխոսնակը կոչ է արել Երևանին չգործել հետխորհրդային մյուս երկրների սխալները, որոնք փորձել են ամեն ինչ ստանալ միաժամանակ Ռուսաստանից և Եվրոպայից։
«Երբ Ղարաբաղում ընթանում էր վերջին պատերազմը, իմ աշխատասենյակում բառացիորեն ամեն շաբաթ Հայաստանի խորհրդարանի պատգամավորներ էին լինում, որոնք ասում էին. «Խնդրում ենք, զանգեք, ասեք, մի բան արեք, դիմեք Ռուսաստանի նախագահին, դադարեցրեք պատերազմը»: Իսկ այսօր այս պատգամավորները չկան, ընդհանրապես, ոչ ոք չկա: Հիշեցնեմ, որ այն ժամանակ արյունալի պատերազմը դադարեցրեց Պուտինը»,- նշել է Պյոտր Տոլստոյը։