15/12/2023 17:50
ԼՂ-ից բռնի տեղահանված շահառուները մայրության նպաստ կստանան ՀՀ-ում գործող չափերով և կարգով. Փոխնախարար (Տեսանյութ)
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը ներկայացրեց Արցախից բռնի տեղահանվածներին մայրության նպաստի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման կարգը։
«Մայրության նպաստ վճարվում է ԼՂ-ից բռնի տեղահանված շահառուին, եթե տեղահանվել է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի 140 օրվա, կամ երեխայի ծննդյան օրվանից հետո 70 օրվա ընթացքում և նպաստի համար դիմել է դեկտեմբերի 1-ից հետո 140 օրվա ընթացքում։ Նպաստները կարող են նշանակվել, եթե շահառուն ունենա ՀՀ բնակության հասցեով հաշվառում»,-ասաց նա։
Փոխնախարարը նշեց, որ ՀՀ-ի և Արցախի սոցիալական երաշխիքների չափերը նույնական են։ «ՀՀ-ում հայրենակիցներին նշանակում և վճարում են ՀՀ օրենսդրությամբ նշանակված բոլոր սոցիալական երաշխիքները՝ ՀՀ-ում գործող չափերով և կարգով։ Սա նշանակում է, որ եթե կլինեն սոցիալական երաշխիքներ, որոք ԼՂ-ում գործում էին, բայց ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ, այս դեպքում դրանք ուղղակի չեն վճարվի, կվճարվեն միայն այստեղ գործողները»,-ասաց նա։
Խաաչատրյանը նշեց նաև, որ արցախցիները 1-ին և 2-րդ երեխայի ծննդյան համար կստանան 300 000 դրամ, 3-րդի և 4-րդի համար` 1մլն, 5-րդ և դրան հաջորդող յուրաքանչյուր երեխայի համար՝ 1,5 մլն դրամ։