15/12/2023 17:26
ԱՊՀ-ն մեր պետությանը օգուտ է, բայց ՀԱՊԿ-ը հանցավոր անգործություն է իրականացրել Հայաստանի նկատմամբ. Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ԱՊՀ-ի հետ Երևանը պետք է շարունակի համագործակցությունը։
«ԱՊՀ-ի մասով մենք կարող է և պետք է ակտիվ լինենք, որովհետև դա նաև համագործակցության մի հարթակ է, որը որ մեր պետությանը օգուտ է տալիս, ինչպես նաև տնտեսական՝ ԵԱՏՄ-ի հետ կապված, մենք մի տնտեսական գոտում ենք, և մեր տնտեսությունը բավականին փոխկապված է այդ տնտեսության հետ», - ասել է նա «Ազատության»-ը։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, Սիմոնյանն ասել է՝ ՀԱՊԿ-ը ապացուցել է մի քանի դրվագով, որ «հանցավոր անգործություն է իրականացրել Հայաստանի Հանրապետության դեմ»։
«Մենք չէինք մտածում, որ ՀԱՊԿ զինծառայողները գալու էին և կրակեին ադրբեջանցիների վրա, բայց առնվազն քաղաքական գնահատական գոնե պետք է տեսնեինք, և մենք դա չտեսանք», - նշել է նա։
«Մենք միայն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքն ենք պաշտպանում և հետապնդում ենք միայն Հայաստանի Հանրապետության շահը, եթե Հայաստանի Հանրապետության շահից բխի որևիցե շրջադարձ անել, այդ շրջադարձը կարվի, և եթե նման որոշում կայացվի, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը դրա մասին կիմանա», - հայտարարել է Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, թե այս պահին որևիցե ձևով չեն տորպեդահարվում այդ կառույցները։
«Բայց միևնույն ժամանակ, ներողություն եմ խնդրում, այն քայլերից, անգործությունից հետո, որը որ մեր գործընկերները ցուցադրեցին և, իմ գնահատմամբ, շարունակում են ցուցադրել՝ հետապնդելով նաև իրենք իրենց շահերը, մեզ թույլ է տալիս նույնպես հետապնդել մեր շահերը»։