15/12/2023 22:09
Հայաստանի և Չինաստանի հարաբերությունները վերընթաց զարգանում են․ Հակոբ Արշակյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում են խորհրդարանից։
Հղորդագրությունում նշված է․
««Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկն է: Հայաստանի եւ Չինաստանի միջեւ պատմական բարեկամությունը եւ պետությունների միջեւ ջերմ հարաբերությունները վերընթաց զարգանում են եւ բազմակողմանի բնույթ ունեն»,- ասել է Հակոբ Արշակյանը` ողջունելով հյուրերին խորհրդարանում:
Դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Չինաստանի միջեւ քաղաքական երկխոսության մակարդակը` նշելով, որ հայ-չինական հարաբերություններն ակտիվ զարգացում են ապրում: Ըստ Ֆան Յոնգի` պետք է ակտիվացնել խորհրդարանական փոխգործակցությունը, հաճախակի դարձնել փոխայցերը:
ԱԺ փոխնախագահը կարեւորել է երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա խորացումն ու զարգացումը` ընդգծելով, որ երկկողմ փոխգործակցության հարցում նշանակալի դերակատարում ունեն միջխորհրդարանական կապերը:
Միջխորհրդարանական փոխգործակցության շրջանակում նա առանձնակի կարեւորել է բարեկամական խմբերի աշխատանքը:
Կողմերն անդրադարձել են երկու երկրների համագործակցության ուղղություններին, հետագա ծրագրերին: Շեշտադրվել է հատկապես տնտեսական կապերի ընդլայնման անհրաժեշտությունը, բարձր տեխնոլոգիաների եւ կրթության ոլորտներում փոխգործակցության խորացումը:
ԱԺ նախագահի տեղակալը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը` նշելով, որ այն ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանի երկրների, միջազգային գործընկերների համար կարեւոր, արդյունավետ ծրագիր է:
Դեսպանն արձագանքելով` նշել է, որ կարող է դիտարկվել նաեւ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» եւ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրերի շրջանակում փոխգործակցության հնարավորությունը:
Հանդիպմանը մասնակցել են ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամներ Լենա Նազարյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Արմեն Խաչատրյանը եւ Թագուհի Ղազարյանը:
Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են ԱԺ շենքում, եղել Ազգային ժողովի նիստերի դահլիճում, գրադարանում, ծանոթացել խորհրդարանի թանգարանի ցուցանմուշներին»: