15/12/2023 11:06
Հուսով ենք՝ շատ շուտով ականատես կլինենք, որ Երևանն ու Բաքուն հասնում են խաղաղության համաձայնագրի․ Ջեյմս Օ՛Բրայեն
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին ու կողմերի միջև գերիների փոխանակմանը։
«Կարծում եմ, որ իսկապես կարևորն այն է, որ երկու երկրները խոսում են միմյանց հետ և գործնական համաձայնությունների հասնում: Նրանք անցած շաբաթ հայտարարեցին կալանավորվածների ազատ արձակման մասին, իսկ այժմ՝ հենց այս շաբաթ, կալանավորվածներն արդեն տանն են: Նրանք համատեղ հայտարարություն տարածեցին, որն ի ցույց է դնում աջակցություն միմյանց նկատմամբ՝ բազմաթիվ առումներով, ներառյալ նրանց միջազգային ձգտումները, որ, օրինակ, Ադրբեջանը հյուրընկալի կլիմայի հարցերով ՄԱԿ-ի հաջորդ համաժողովը, ինչի իրավունքն այժմ նա ստացավ: Հուսով ենք, դա շահավետ կլինի երկու երկրների համար, ինչպես նաև՝ Հայաստանի միջազգային ձգտումներին: Նման տեսակի աջակցության դրսևորումը երկկողմանի նորմալ հարաբերություններ կառուցելուն ուղղված կարևոր քայլ է: Հուսով ենք՝ շատ շուտով ականատես կլինենք, որ կողմերը հասնում են խաղաղության համաձայնագրի։ Երկու կողմն էլ հայտարարել է, որ շահագրգռված է դա անել: Մենք, նաև Եվրամիության մեր գործընկերները և մյուսները պատրաստ ենք օգնել: Կցանկանայինք տեսնել, որ այս ամենը շուտով իր ավարտին է հասել, քանի որ շուտափույթ խաղաղության կնքումը հսկայական օգուտներ կբերի», - «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ասել է նա:
Օ՛Բրայենը հիշեցրել է, որ Վաշինգտոնը երկու արտգործնախարարների միջև խաղաղ բանակցությունների մի քանի փուլ է հյուրընկալել՝ հավելելով, որ նորից դա կանեին, եթե կողմերը որոշեին, որ դա կօգնի նրանց խաղաղություն կնքել:
«Մենք պատրաստ ենք օգնել: Երկու կողմերին էլ խրախուսում ենք հանդիպել, և մինչ այժմ յուրաքանչյուրն ասել է, որ պատրաստ է աշխատել այդ նպատակով»,- եզրափակել է Ջեյմս Օ՛Բրայենը: