15/12/2023 16:25
Սասուն Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի 10-րդ նստաշրջանին
Դեկտեմբերի 11-ից 15-ը Ամերիկայի Միացյալ Նահանգների Ատլանտա քաղաքում ընթանում է Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի 10-րդ նստաշրջանը (COSP 10), որտեղ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հանդես է եկել ազգային ելույթով՝ որպես Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավար: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչները:
Նշելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը պահանջում է համակողմանի, համընդհանուր մոտեցում և իր մեջ ներառում է իրավական ու հասարակական բոլոր ոլորտները, Սասուն Խաչատրյանն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանը մուտք է գործել նոր՝ ավելի նպատակաուղղված և թիրախային փուլ կոռուպցիայի դեմ պայքարում, որն արտացոլված է ինչպես ՀՀ կառավարության ծրագրերում, այնպես էլ ՀՀ կառավարության կողմից 2019 թվականին ընդունված հակակոռուպցիոն ռազմավարությունում: Դրանով նախատեսված միջոցառումների շրջանակում՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում մասնագիտացված համակարգի բաղկացուցիչ մաս, 2021 թվականի հոկտեմբերի 23–ին ՀՀ-ում ստեղծվել և գործում է Հակակոռուպցիոն կոմիտեն:
Կոմիտեի նախագահն անդրադարձել է այսօր կոռուպցիայի դեմ պայքարում առկա մի շարք մարտահրավերներին, ինչպիսիք են անդրազգային կոռուպցիան, այդ թվում՝ օտարերկրյա պաշտոնատար անձանց և միջազգային կազմակերպությունների պաշտոնյաների կողմից կատարվող կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, ներպետական սահմաններից դուրս ապօրինի գույքի և ակտիվների շարժը: Ըստ Սասուն Խաչատրյանի՝ Հայաստանն ընդգծում է միջազգային համագործակցության կարևորությունը այս մարտահրավերներին դիմակայելու համար և կոչ անում միասնական, համընդհանուր գործողությունների:
Կրկին վերահաստատելով Հայաստանի հետևողականությունը Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի սկզբունքներին և նպատակներին՝ Կոմիտեի նախագահը նշել է, որ մեր երկիրը պատրաստ է ուժեղացնել համատեղ ջանքերը՝ արդյունավետորեն հակազդելու կոռուպցիային և այն կանխելու բոլոր մակարդակներում: