15/12/2023 17:35
«Դժոխք էր, որ անցանք». Արմինեն չէր հավատում հրաշքներին, բայց իր ընտանիքի հետ տեղի ունեցածը հրաշք է համարում
«Ես չէի հավատում հրաշքներին, բայց իմ ընտանիքի հետ տեղի ունեցածը հրաշք էր, որ կատարվեց»,- MediaHub-ի հետ զրույցում ասել է Արմինե Պողոսյանը, ում ամուսինն ու որդին ևս սեպտեմբերի 25-ին ՊԲ վառելիքի պահեստում են եղել, խոր այրվածքներ են ստացել։
Հայաստան տեղափոխվելուց հետո Արմինեն օրը սկսում է հիվանդանոցում, ավարտում՝ վերականգնողական կենտրոնում։ Արմինեի ամուսինը՝ զինվորական Գագիկ Պողոսյանը, դիրքերում էր պատերազմի վերսկսման օրը, ինքն 3 որդիների հետ իջել է նկուղ, այնտեղ մնացել մինչև կրակի դադարի օրը։
«5 օր շարունակ հորից լուր չունենալով՝ ավագ որդիս սկսել է փնտրել հիվանդանոցներում, դիահերձարաններում։ Հաջորդ օրը կեսօրից հետո, երբ այլևս չէին կրակում, ես բակում միացրել եմ վառարանը, հաց թխել, ճաշ պատրաստել, հյուրասիրել շրջաններից տարհանված բնակիչներին։ Բայց քանի որ ամուսնուս մասին լուր չկար, միջնեկ տղաս եկավ ու սկսեց լացել, թե «ես աղոթել եմ պապայի համար, բայց բոլորի պապաները եկան, իմը՝ չէ»»,- հիշում է Արմինեն։
5 օր անց ամուսինը գիշերը վերադառնում է։ «Որպիսության մասին չպատմեմ, վրան գույն չկար։ Գիտե՞ք զինվորականի համար որքան ծանր բան է պարտադրված պարտությունը, առավել ևս՝ բանակի կազմաքանդումը»,- ասում է Արմինեն։
Ավելորդ է մանրամասնել Գագիկի վերադարձով երեխաների ուրախությունը։ Արմինեի ընտանիքը սկսում է պատրաստվել բռնի տեղահանմանը։
Սեպտեմբերի 25-ին անձրևային ու մառախլապատ օր էր, երբ հայր ու որդի որոշում են վառելիք փնտրել։ «Երեկոյան մենք ամբողջ հարազատներով նստած էինք, քար լռություն էր։ Էն որ՝ խոսելդ անգամ չի գալիս՝ հայրենիք ենք կորցնում և չգիտենք՝ ինչ կլինի Հակարիի կամրջին։ Մեր լռությունը ժամանակ առ ժամանակ ընդհատվում էր կայծակի ձայնից։ Ամեն անգամ թվում էր, թե էլի են կրակում։ Տան քաղաքային համարին զանգ եկավ, պատասխանեցի, աղմուկ էր, ու մեկը մյուսին հանգստացում էր՝ «ամեն ինչ լավ կլինի, Աստված մեծ ա», ու ինձ թվաց, թե սխալվեցի։ Հետ զանգեցի ամուսնուս հեռախոսահամարին, տղաս պատասխանեց ու լացելով պատմեց կատարվածը։ Ասաց, որ վիրավոր է, իսկ հայրը չկա»,- հիշում է արցախցի կինը։
Արմինեն չի էլ պատկերացրել կատարվածի մասշտաբները, մտածել է՝ թեթև վնասվածքներ են ստացել։ Ոտքով բարեկամի ուղեկցությամբ հասել է հիվանդանոց․ «Դա խելագարության հասցնող տեսարան էր, Աստված իմ, անգամ վախենում եմ հիշել... հիմա էլ է մարմինս դողում, որովհետև այդ օրվա տեսածս սարսափ էր, իսկական դժոխք։ Անընդհատ ասում էի՝ «միթե՞ լույսը կբացվի ու ես կտեսնեմ նրան»։ Ինձ թվում էր՝ խավարը հավերժական է»։
Արմինեի ամուսինը՝ Գագիկ Պողոսյանը, ծանր վիճակում էր, որդին՝ Էրիկը, այրվածքներ ու մարմնական վնասվածքներ էր ստացել, ամուսնու բարեկամն էլ անհետ կորած էր համարվում (հետո հաստատվել է նրա մահը)։ Այդքանով հանդերձ՝ Արմինեն ևս միանում է բժիշկներին, օգնում, ինչով կարող է։
Ասում է. «Քարացել էի, անգամ չէի լացում մինչև այն պահը, երբ նրանց տեղափոխեցին Երևան, երբ իմ ձեռքով փակեցի շտապօգնության մեքենայի դուռը»։
Արմինեի մտածմունքը մեկն էր՝ ինչպե՞ս պետք է տարհաներ իր անչափահաս երեխաներին, ծնողներին։ Հաջորդ օրը հարևանի «Ուրալ» մակնիշի մեքենայով գաղթի ճանապարհը բռնում է նաև ինքը։
«50 ժամում հասել ենք Հայաստան։ Մեկը մեքենայից դուրս էր գալիս ճանապարհ խնդրում՝ ասելով, որ մեքենայում հարազատ է մահացել, մյուսները հաց էին խնդրում սովից ողջ գիշեր լացող երեխաների համար, մյուսի մոտ վաղաժամ ծննդաբերության ցավեր են սկսվում, ծննդաբերում է։ Հասկանո՞ւմ եք՝ ինչ էր դա։ Գաղթի ճանապարհին ընտանիքի մայրը վրաերթի էր ենթարկվել, ում կյանքը փրկել չհաջողվեց, և 38 ժամ հայրը երեխաներից թաքցրել է, որ մայրը մահացել է»,- լաց լինելով վերհիշում է տեսածն ու զգացածը Արմինեն։
Հակարիի կամրջին ադրբեջանցիները ջուր, հյութ ու քաղցրավենիք են առաջարկել, Արմինեն «Ուրալ»-ի բեռնախցիկից այն թափել է ադրբեջանցիների գլխին, թշնամական լրատվամիջոցները ֆիքսել են։ «Եկան, որ ինձ իջեցնեն այդ մեքենայից, ես դիմադրեցի, գնացին, որ զեկուցեն իրենց հրամանատարին, մենք արագ անցանք կամուրջը, հասանք հայկական սահման»,- պատմում է նա։
Արմինեի ամուսինն ու որդին այժմ կազդուրման փուլում են։ Ընտանիքը հաստատվել է Վանաձորում, որը շատ նման է իր հայրենի Ստեփանակերտին։