15/12/2023 14:14
ՀՀ փոխվարչապետը չբացառեց՝ սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքը կարող է տարիներ տևել
«Խաղաղության խաչմերուկ» ծրագրի նախագծի մեջ կան ենթակառուցվածքներ, որոնք արդեն մշակված են ու իրականացման փուլում են, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Խոսքը, օրինակ, Հյուսիս-հարավ ավտոճանապարհի մասին է։
Մնացած մասերով, ըստ փոխվարչապետի, դեռևս հետազոտությունների կարիք կա, որ վերջնական արժեք լինի։
«Բայց կարող եմ ասել, որ Հորադիս-Երասխ երկաթուղու ինտիգատիվ արժեքը դեռևս մեկ տարի առաջ ստացվել է, եթե չեմ սխալվում՝ կազմում է շուրջ 230 միլիոն դոլար»,- ասաց նա։
Անդրադառնալով սահմանազատման գործընթացին՝ Գրիգորյանն ասաց, որ Ադրբեջանի հետ հաջորդ հանդիպման ժամկետներ դեռ չկան։
«Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը բավականին երկար կտևի, որովհետև գործընթացը բավականին բարդ է»,- նշեց նա։
Կողմերն աշխատելու են բացառապես տոպոգրաֆիկ քարտեզներով, նաև՝ բացառապես այնպիսի փաստաթղթերով, որոնք ունեն իրավական նշանակություն։
Փոխվարչապետը չբացառեց, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքը կարող է տարիներ տևել։
«Չեմ կարող բացառել, որովհետև հադիպումների ընթացքում կողմերից ամեն մեկը ներկայացնում է քարտեզ կամ հատված, իրավական փաստաթղթեր, որոնք սահմանի որևէ նկարագրություն ունեն ու սկսվում է քննարկում, մտքերի փոխանակում։ Բնականաբար, դա չի կարող արվել մեկ սահմանի հետ կապված, դա պետք է արվի հատված առ հատված»,- ասաց Գրիգորյանը։
Հիշեցնենք՝ Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունները երեկ հաստատեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացն առաջին անգամ դրվում է ինստիտուցիոնալ հենքի վրա։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 30-ին տեղի էր ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հինգերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
Հանդիպումը տեղի էր ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին։
Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետները մի շարք պայմանավորվածություններ էին ձեռք բերել։