15/12/2023 12:45
ՀՀ-ում ոչ մրցակցային ընթացակարգերով գնումները եղել են մոտ 42%, որը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում. Արմենուհի Բուռնազյան
Ինչպես աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում պետական գնումներում կոռուպցիոն ռիսկերի հիմնական ուղղությունը ոչ մրցակցային գնումներն են. Մեդիա կենտրոնում «Պետական գնումներում կոռուպցիոն ռիսկերն ու հանրային վերահսկողությունը» թեմայով քննարկմանը նման տեսակետ հայտնեց «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանը։
Ըստ նրա՝ արտակարգ իրավիճակում մեկ անձից գնման ընթացակարգերը օբյեկտիվ են, ինչպես օրինակ՝ արցախցիների առաջնային կարիքները բավարարելու համար։
Սակայն, դրանով հանդերձ, Արմենուհի Բուռնազյանի խոսքով՝ նախորդ տարվա համեմատ ոչ մրցակցային ընթացակարգերի տոկոսային առումով փոփոխությունը այդքան էլ մեծ չի եղել։ «Եթե 2022թ-ի 11 ամիսներին ոչ մրցակցային ընթացակարգերով գնումները եղել են մոտ 42 տոկոս, ապա 2023թ.-ին ընդամենը 2 տոկոսով է նվազել»,-ասաց նա և նշեց, որ ընդհանուր առմամբ՝ 3․4 մլրդ դրամի ոչ մրցակցային ընթացակարգեր են կիրառվել պետության կողմից։
Արմենուհի Բուռնազյանը շեշտեց, որ հատկապես խոշոր ծավալի միջոցառումների կազմակերպումը հիմնականում կիրառում են մեկ անձից գնելու ընթացակարգ, որը ռիսկայնություն է պարունակում։