15/12/2023 13:52
Հրատապության հիմքով մեկ անձից գնումները նվազում են. Սերգեյ Շահնազարյան
ՀՀ ֆինանսների նախարարության Գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը «Մեդիա» կենտրոնում «Պետական գնումներում կոռուպցիոն ռիսկերն ու հանրային վերահսկողությունը» թեմայով քննարկմանը հստակեցրեց, որ երբ խոսում են, որ մեր երկրում մեկ անձից գնումների ծավալը հասնում է 40 տոկոսի, պետք է հասկանալ, որ դրանց մի մասն այլընտրանք չունի։
«Այդտեղ իրականության մեջ գնումներ էլ չեն, դրանք ավելի շատ նպաստ են, այսինքն՝ ոչ թե մարդն է գնում փողի հետևից, այլ փողը՝ մարդու»,-ասաց նա և նշեց, որ կոնկրետ 120 մլրդ ծախսում են առողջապահության ծառայությունների ոլորտում, որ նպաստեն ոլորտին։
Ըստ նրա՝ առողջապահության ծառայությունների ոլորտում գնումները տարեցտարի տնտեսագիտական դասական հոդվածից վերափոխվելու են նրան, ինչ իրականում կա՝ նպաստ ոլորտին։ «Եթե առողջապահական ծառայությունները հանենք, այսինքն երբ այլընտրանք չկա, որոշակի նվազում կլինի, որովհետև ընդհանուր գնումների ծախսն էլ է մեծացել»,-ասաց նա։
Սերգեյ Շահնազարյանի խոսքով՝ անցյալ տարի հունվար-նոյեմբերին մոտ 287 մլրդի կնքված պայմանագրեր են ունեցել և այս տարի նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 300 մլրդ-ից ավելի։
Նա նաև նշեց, որ հրատապության հիմքով մեկ անձից գնումները նվազում են։ «Անցյալ տարի հունվար-նոյմբերին 13,7 մլրդ գնում է կատարվել, այս տարի նույն ժամանակահատվածում 9,2 մլրդ է, դրա մեջ 3 մլրդը ԼՂ-ի խնդիրների հետ կապված գնումներն են»,-ասաց նա։