15/12/2023 14:46
Մոսկվան աջակցում է Նիկոլ Փաշինյանի հռչակած «Խաղաղության խաչմերուկ»-ին. Ալեքսեյ Օվերչուկ
Մոսկվան աջակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հռչակած «Խաղաղության խաչմերուկի» և Հյուսիս-Հարավ ճանապարհի չորրորդ փուլի կառուցմանը, որը ֆինանսավորվում է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցով, այս մասին Երևանում հայտարարեց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Այս գծով աջակցության ծավալն այժմ կազմում է 150 միլիոն դոլար, իսկ Քաջարանի թունելի կառուցմանն աջակցելու որոշումը ներկայումս համաձայնեցվում է հիմնադրամի մարմինների կողմից, որտեղ աջակցության ծավալը կկազմի 200 միլիոն դոլար»,- ասաց Օվերչուկը։
Նրա խոսքով` հիմնադրամի ներդրումների ամբողջ պորտֆելը Հայաստանում՝ 10 ծրագրերից, գնահատվում է 533 մլն դոլար, ևս 300 մլն դոլարի ծրագրեր այժմ քննարկման փուլում են։
«Մեր երկկողմ հարաբերություններում չափազանց կարևոր թեման ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցությունն է, և մենք երախտապարտ ենք, որ որոշում է կայացվել աշխատանքներ տանել Հայկական ատոմակայանի և ռուսական կողմի միջև շահագործման ժամկետը երկարացնելու ուղղությամբ։ Ինչ վերաբերում է նոր էներգաբլոկներին, ապա այստեղ նույնպես բանակցություններ են ընթանում»,- ասաց Օվերչուկը։
Նա նաև տեղեկացրեց, որ 2023 թվականի հունվարից մինչև սեպտեմբեր Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանից իրականացվել է 269 հազար զբոսաշրջային ուղևորություն։
Հայաստան է եկել 843 հազար ռուս զբոսաշրջիկ։