15/12/2023 15:05
Հայաստանն ու Ադրբեջանը սկսում են անմիջականորեն աշխատել միմյանց հետ. սա ամենակարևոր արդյունքն է. ՌԴ փոխվարչապետ
Ռուսաստանը, որպես միջնորդ, պատրաստ է շարունակել աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության ապաշրջափակման ուղղությամբ, Երևանում լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Անհրաժեշտ է հասկանալ, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումն իրականացվում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության համաձայն։ Այդ նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ մեր կառավարությունների փոխվարչապետերի նախագահությամբ։ Այս աշխատանքային խումբը հանդիպել է, փաստաթղթեր են մշակվել, որոնք բարձր պատրաստվածության մեջ են։ Խոսքն, առաջին հերթին, երկաթուղային կապի ապաշրջափակման մասին է, մենք պատրաստ ենք շարունակել այդ աշխատանքը»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը հանդես է գալիս որպես միջնորդ, «և եթե կողմերը պատրաստ են շարունակել այդ աշխատանքը, ապա մենք նույնպես պատրաստ ենք մասնակցել այստեղ»։
«Մենք նշում ենք այն դրական կողմը, որ Հայաստանն ու Ադրբեջանը սկսում են անմիջականորեն աշխատել միմյանց հետ, սա, հավանաբար, ամենակարևոր արդյունքն է», - ասել է Օվերչուկը: