16/12/2023 17:37
Բրոնխոսկոպիա. Ո՞ր դեպքերում է նշանակվում հետազոտությունը
Բրոնխոսկոպիան ախտորոշիչ հետազոտություն է, որը բժշկին թույլ է տալիս զննել հիվանդի թոքերը և դրանց օդատար խողովակները։
Բրոնխոսկոպիայի ընթացքում բժիշկը բարակ և ճկուն խողովակով՝ բրոնխոսկոպով, հիվանդի բերանից կամ քթից զգուշությամբ ներհրում է կատարում դեպի թոքերի օդատար խողովակներ՝ անցնելով կոկորդով, շնչափողով, գլխավոր բրոնխներից մեկնումեկով (աջ կամ ձախ) դեպի խոշոր և ավելի բարակ բրոնխներ։ Բրոնխոսկոպի ազատ ծայրին տեղադրված է լուսավորող տեսախցիկ, որը հնարավորություն է տալիս զննել ներսը։
Բրոնխոսկոպիայի արդյունքները բժշկին օգնում են, որ նա ընտրի պացիենտի թոքային խնդրի բուժման լավագույն տարբերակը։
Եթե պատկերային հետազոտություններ՝ ռենտգենոգրաֆիայի կամ համակարգչային շերտագրման արդյունքներում կան շեղումներ, բժիշկը կարող է ուղեգրել բրոնխոսկոպիայի՝ թոքերի օդատար խողովակների ներսը զննելու և ախտորոշումը ճշգրտելու համար։
Բրոնխոսկոպիա կարող է նշանակվել հետևյալ դեպքերում՝
թոքային հիվանդություններ, որոնք ընթանում են շնչառությանն ուղեկցող խզզոցներով, մշտական հազով կամ շնչարգելությամբ ու հևոցով,
թոքերի վարակային ախտահարումներ,
շնչուղիների և թոքերի ուռուցքային հիվանդություններ,
ջերմության բարձրացմամբ ընթացող շնչառական հիվանդություններ։
Բրոնխոսկոպիա կարող է նշանակվել նաև շնչուղիների տարբեր հիվանդությունների դեպքում, այդ թվում՝
քաղցկեղի բուժում,
շնչուղիներից օտար մարմինների հեռացում,
շնչուղիներից լորձի և հեղուկների կուտակումների հեռացում։
Բրոնխոսկոպիկ հետազոտություն անցնելու համար, մինչև բրոնխոսկոպիան, 6-12 ժամվա ընթացքում սնունդ չի կարելի ընդունել։
Եթե հիվանդը հավելյալ բուժում է ստանում, ապա պետք է խորհրդակցի բժշկի հետ՝ դեղամիջոցների ընդունման կարգի և հնարավոր փոփոխությունների մասին։
Բրոնխոսկոպիան սովորաբար կատարվում է թեթև սեդացիայի ներքո, երբ պացիենտն արթուն է, սակայն զգում է որոշակի թուլություն ու քնկոտություն։
Հետազոտությունից առաջ բժիշկը տալիս է տեղային անզգայացնող դեղ՝ կոկորդի սփրեյ կամ ըմպանի ողողման լուծույթ։ Կարող են կատարվել նաև որոշակի ներարկումներ, որին կհաջորդի անզգայացնումն ու քնկոտությունը։
Մի քանի օրվա ընթացքում կոկորդում հնարավոր է զգալ որոշակի գրգռվածություն և ցավեր, որոնք սովորաբար մեկից երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար անհետանում են։
Բրոնխոսկոպիան սովորաբար անվտանգ է, սակայն, ինչպես յուրաքանչյուր բժշկական միջոցառում, այն ևս կապված է որոշակի ռիսկերի հետ, այդ թվում՝
արյունահոսություն,,
վարակ,
բրոնխոսկոպիայից հետո՝ շնչառության որոշակի խանգարում։
Շատ հազվադեպ կարող է առաջանալ թոքի կոլապս։
Բոլոր այս բարդությունների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի խորհրդատվությանը, ով կձեռնարկի համապատասխան բուժում։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։