16/12/2023 22:17
Ազդու՞մ են արդյոք սմարթֆոններն ու ժամանակակից սարքերը երեխաների առողջության վրա
Վերջին շրջանում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ այն երեխաները, ում մահճակալի մոտ փոքր էկրանով էլեկտրոնային սարքերի կան, միջին հաշվով ավելի քիչ և ընդհատումներով են քնում։
Միևնույն ժամանակ, հայտնի է, որ ոչ բավարար քունը պոտենցիալ ռիսկի գործոն է այնպիսի հիվանդությունների համար, ինչպիսիք են գիրությունը, սրտի կորոնար հիվանդությունը, հիպերտոնիան և ինսուլտը: Հայտնի է նաև, որ բավարար քունն ապացուցված դրական ազդեցություն ունի հոգեսոցիալական և ֆիզիկական առողջության, ինչպես նաև մտավոր աշխատանքի վրա:
Վերջին հարյուրամյակի ընթացքում երեխաների քնի տևողությունը աստիճանաբար նվազում է։ Ժամանակակից տեխնոլոգիաների չափից ավելի տարածվածությունը այս երևույթի հիմնական պատճառներից մեկն է։
Այսօրվա դեռահասները մոտավորապես նույնքան ժամանակ են ծախսում սմարթֆոններով զբաղվելու, որքան մեծահասակները՝ իրենց աշխատանքի վրա։
Բարձր տեխնոլոգիաները գնալով դառնում են ավելի մատչելի և հասանելի բոլորին, ամենուր թույլ են տալիս երեխաներին օգտվել ինտերնետից՝ ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում:
Չնայած այն հանգամանքին, որ փոքր էկրաններով սարքերը շատ ավելի հաճախակի և օրվա ընթացքում բավականին շատ են օգտագործվում, սակայն քիչ են այն ուսումնասիրությունները, որոնք ապացուցում են դրանց ազդեցությունը երեխաների քնի տևողության վրա։ Չնայած դրան՝ եղած հետազոտությունների արդյունքներն էլ լիովին բավարար են հասկանալու համար, որ դրանք խախտում են քնի կարգավորված ռեժիմը։
Նախորդ հետազոտությունները ցույց են տվել կապը երեխայի ննջասենյակում հեռուստացույց ունենալու և ավելի ուշ քնելու, ինչպես նաև քնի ընդհանուր տևողության նվազման միջև: Ըստ այդ ուսումնասիրությունների հեղինակների՝ հեռուստացույց դիտելը ոչ միայն փոխում է քնի համար անհրաժեշտ ժամանակը, այլև խախտում է ցիրկադային ռիթմը։
Իսկ նոր հետազոտության հեղինակները ենթադրում են, որ փոքր էկրանով սարքերը կարող են ավելի վնասակար ազդեցություն ունենալ երեխաների քնի վրա, քան հեռուստացույցը: Դրանք ոչ միայն ավելի ինտերակտիվ են, այլև ավելի շատ են գրավում երեխաների ուշադրությունը՝ նրանից երկար ժամանակ խլելով: Փոքր էկրանների լույսը կարող է շատ ավելի ազդել մելատոնինի արտադրության վրա, քան հեռուստացույցի լույսը, քանի որ լույսի աղբյուրը շատ մոտ է աչքերին և մաշկին:
Բացի այս գործոններից, փոքր էկրանով էլեկտրոնային սարքերն ունեն ձայնային ծանուցումներ, որոնք կարող են ընդհատել արդեն իսկ սկսված քունը:
Մասնակցելով հետազոտությանը՝ երեխաները լրացրել են հարցաթերթիկ այն մասին, թե որ ժամին են սովորաբար գնում քնելու, որ ժամին են արթնանում առավոտյան և ինչքան ժամանակ է, որ զգում են քնի կարիք։
Մասնակիցները պատասխանել են նաև այն հարցերին, թե ունե՞ն հեռուստացույց իրենց ննջասենյակում, ո՞րն է սմարթֆոնից կտրվելու ժամը, որո՞նք են նախընտրած գործողությունները (խաղեր, հաղորդագրություններ ուղարկել ընկերներին և այլն):
Մասնակիցների մեծ մասը քնել է փոքր մոնիտորների կողքին (54%), իսկ ննջասենյակում հեռուստացույց է ունեցել 75%-ը։ Յոթերորդ դասարանցիներն ավելի հաճախ են քնում սմարթֆոններով, քան չորրորդ դասարանցիները (65% ընդդեմ 46%)։
Միջինում այն երեխաները, ովքեր քնում են փոքր էկրաններով սարքերի կողքին, 20,6 րոպեով ավելի քիչ են քնում այն երեխաների համեմատ, որոնց ծնողներն արգելում են սմարթֆոննեը թողնել ննջասենյակում։ Երեխաները, ովքեր երեկոն անցկացրել են փոքրիկ էկրանը ձեռքին, միջին հաշվով քնելու են հասակակիցներից 37 րոպե ուշ։
Չնայած այս արդյունքները չեն կարող դիտվել որպես խիստ գիտական ապացույցներ և պահանջում են վերստուգում, սակայն դրանք պետք է ստիպեն ծնողներին՝ ուշադրություն դարձնել այս խնդրին և փոխել իրենց ընտանեկան մարտավարությունը։
Մասնագետների պնդմամբ՝ պետք է սահմանափակվի հեռախոսներից օգտվելու ժամանակահատվածը և թույլ չտրվի երեխաներին քնած ժամանակ հեռախոսները դնել մահճակալի մոտ՝ հատկապես բարձի տակ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն