16/12/2023 18:28
«Որպես արցախցի՝ թույլ չեմ տվել, որ Փաշինյանն Արցախը ճանաչի Ադրբեջանի կազմում». Հադրութի վարչական շրջանի ղեկավար (168.am)
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հադրութից բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված բնակիչներն արդեն 3 տարի շարունակ բախվում են տարբեր խնդիրների։ Չունենալով աշխատանք, մշտական բնակության վայր, շատերն ամիսը 2-3 անգամ բնակարան, բնակության վայր են փոխում։
Այս տարվա սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում բռնի տեղահանված արցախահայերին ՀՀ կառավարությունը տրամադրում է որոշակի սոցիալական աջակցություն, իսկ 2020 թվականին բռնի տեղահանվածներին՝ ոչ, հիմնավորելով, թե նրանք արդեն կարողացել են որոշակի սոցիալական խնդիրներ լուծել, ինչը բնավ իրականությանը չի համապատասխանում։
168.am-ի հետ զրույցում Հադրութի վարչական շրջանի ղեկավար Արթուր Բաղդասարյանն ասաց, որ այդպիսի տարանջատում ՀՀ կառավարությունը չպետք է դներ, նման մոտեցումը ճիշտ չէ։
«Ես կուզեի, որ այդ տարբերակումը չլիներ, մարդիկ 2020 թվականից առ այսօր դեռ աշխատանք, տուն չունեն։ Կառավարությունն ասում է, թե՝ դուք արդեն հարմարվել եք, ինտեգրվել եք, սուտ է, չկա նման բան։
Շատերին գիտեմ, որ 2020 թվականին մի կերպ հասել են Հայաստան, մինչև օրս 10 տուն են փոխել, բա ինչպե՞ս է ստացվում, որ հարմարվել են։ Մի ամիս մի գործ են գտնում, աշխատում են, մի երկու ամիս՝ մեկ այլ տեղում, հետո գործ չի լինում, այսպես շարունակ»,- նշեց Հադրութի վարչական շրջանի ղեկավարը։
Ըստ նրա, 2020 թվականին տեղահանված արցախահայերից պետությունը միայն Արցախում վերաբնակեցվածներին է հատկացրել սերտիֆիկատ, բայց որևէ մեկը չի կարողանում այդ հատկացված գումարով տուն գնել։
«Մինչև հիմա չեն էլ ասում, թե կոնկրետ ինչ որոշում են կայացնելու սերտիֆիկատների առումով։
Ես մինչև սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունները հույս էի փայփայում, որ ժամանակը գալու է, վերադառնալու ենք Արցախ։ Բայց այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որ առհասարակ այդ պատկերացումը չկա։ Իշխանության կողմից էլ սրա վերաբերյալ որևէ մեկը չի մտածում, այսպես որ նայում ենք, հետագայում էլ այդ հույսերը չկան։ Այսինքն՝ միառժամանակ դեռ այս հույսը չի երևում, որ այս մասին կմտածեն։ Մարդկանց մոտ գնալով վերադառնալու այդ հույսը նվազում է, կարելի է ասել՝ դարձել է անհավանական»,- շեշտեց Արթուր Բաղդասարյանը։
Արձագանքելով Ադրբեջանի կողմից հայտարարվող ինտեգրացիային և Շառլ Միշելի հայտարարությանը, որ «արցախահայության իրավունքները պետք է կարգավորվեն Ադրբեջանի սահմանադրության շրջանակներում», նա հակադարձեց՝ եվրոպացի իշխանավորների ու Ալիևի հեքիաթներին արցախահայությունը չի հավատալու, եթե հավատան էլ, ապա մոտ 10 տոկոսը։ Խելքը գլխին մարդիկ նման բաների չեն հավատալու։
«Եթե որոշվի, որ Արցախը դառնալու է անկախ միավոր, ապա բնակչության 70-80 տոկոսը կվերադառնա Արցախ, մնացած բոլոր կարգավիճակների դեպքում արցախահայերը չեն գնա ու ապրեն Ադրբեջանի օրենքներով։
Մինչև սեպտեմբերի 19-ը Հադրութից տեղահանված բնակիչների մեծ մասը՝ մոտ 6 հազարը, եղել են Հայաստանում, 5 հազարից ավելին՝ Արցախում, մոտ 1000-ն էլ՝ արտերկրում։ Սեպտեմբերի 19-ից հետո այդ տվյալները բավականին փոփոխվել են, գուցե արտերկիր տեղափոխվածների թիվը մեծացել է, բայց Հադրութի բնակչության հիմնական մասն ապրում է Երևանում ու հարակից շրջաններում, Արարատում, Արմավիրում, Արտաշատում»,- ասաց Արթուր Բաղդասարյանը։
Նա վստահեցրեց՝ ՀՀ իշխանություն այսօր առհասարակ չի հիշում սեպտեմբերի 19-ի զոհերին։
«Այդ ժամանակ հազարին մոտ զոհ է եղել թե զինվորականության, թե քաղաքացիական անձանց շրջանում, ինչո՞ւ ՀՀ իշխանությունը մեկ օր սուգ չհայտարարեց։ Հետևաբար՝ չեմ պատկերացնում, որ ՀՀ իշխանությունը կարող է որևէ բան անել արցախահայության համար։ Եթե ասում են, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.600 քկմ է, չհասկացա՞ն, մեր տարածքներն այդպես թշնամուն նվիրելով՝ մինչև ո՞ւր են հասնում։ Վաղն էլ թող Սյունիքը նվեր տան։ Ինքս՝ որպես արցախցի, թույլ չեմ տվել, որ Փաշինյանն Արցախը ճանաչի Ադրբեջանի կազմում։ Ես մեղադրում եմ Արցախի իշխանություններին, հետո՝ ՀՀ իշխանությանը, ես դեռ չեմ պատկերացնում, թե ինչ է լինելու»,- եզրափակեց Արթուր Բաղդասարյանը։