16/12/2023 13:47
Հայաստանում ուզում ենք ներդնել սննդամթերքի գունային մակնշման համակարգ. Պիպոյան
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունն այսօր աշխատանքային քննարկում էր կազմակերպել «Սննդամթերքի գունային մակնշման ներդրման հնարավորությունները և մեխանիզմները» թեմայով։
Նշվել է, որ ապացուցողական բժշկության տվյալները վկայում են, որ ոչ վարակիչ հիվանդությունների զարգացումը սերտորեն կապված է ապրելակերպի առանձնահատկությունների հետ։ Ոչ վարակիչ hիվանդություններով պայմանավորված բեռը բնակչության մահացության ընդհանուր կառուցվածքում կազմում է շուրջ 93 տոկոս։ Հետազոտությունները վկայում են, որ աղի, շաքարի, ճարպերի չարաշահումն ուղիղ ազդեցություն ունի վերը նշված մտահոգիչ ցուցանիշների հետ։
Անցկացված հարցումը ցույց է տվել, որ եթե առանձին գույներով՝ ռիսկային և առավել առողջարար, նշվի աղի, շաքարի, ճարպերի պարունակությունը սննդի մակնշման մեջ, դա էական ազդեցություն կունենա ապրանքը ձեռք չբերելու ու բերելու հարցում։ Սակայն, Հայաստանում այդ ինստիտուտը ներդրված չէ։
«Աղի, շաքարի, ճարպերի, տրանս ճարպերի չարաշահումը վնասակար է օրգանիզմների համար, հանդիսանում է մի շարք ոչ վարակիչ հիվանդությունների պատճառ։ Աշխարհում օգտագործվում են տարբեր գործիքներ. մեկն էլ այն է, որ խանութներում սննդամթերքը ունենա առանձին գույներով մակնշումներ. կանաչը կվկայի սննդի ավելի օգտակար, կարմիրը՝ ոչ օգտակար լինելու մասին»,- քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Նա նշեց, որ իրենք ուզում են ինստիտուտը ներդրվի Հայաստանում, բայց ոչ թե այնպես, որ սրերով այն ընդունվի, այլ ստեղծվի այնպիսի համակարգ, որ գոհացնի և՛ սպառողներին, և՛ տնտեսվարողներին։
«Այս հանդիպման նպատակը հենց դա է։ Մենք հրավիրել ենք ոլորտի քաղաքականությունը մշակող էկոնոմիկայի նախարարության, պետական այլ լիազոր մարմինների, սերտիֆիկացնող մարմինների և լաբորատորիաների, ինչպես նաև ոլորտային ՀԿ-ների ներկայացուցիչների, որպեսզի հավաքագրենք կարծիքներ ու հիմնական փաստաթուղթը, որը պետք է մշակվի, ամեն մարդ ինքն իրեն այնտեղ գտնի»,- ասաց Պիպոյանը։