16/12/2023 11:54
Դատավոր Տիգրան Փոլադյանը կկալանավորվի. դատարանը բավարարել է միջնորդությունը
Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան: Դատարանի որոշմամբ միջնորդությունը բավարարվել է: Հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ՝ Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար (Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետեր):
Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 14-ին միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ և 161-րդ հոդվածների հիման վրա՝ դատավորի լիազորությունների իրականացման կապակցությամբ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու, դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու միջնորդությամբ:
Բարձրագույն դատական խորհուրդը, Դատական օրենսգրքով նախատեսված ընթացակարգով, հրավիրել է նիստ և բավարարել Սնանկության դատարանի դատավոր Տ.Փ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները: