16/12/2023 10:00
«Հրապարակ». ՆԳՆ նորանշանակ խոսնակը կոչված է Արփինե Սարգսյանի բոլոր քմահաճությունները կատարելուն
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը լծվել է մեր հրապարակումները հերքելու գործին, մանավանդ այն մասով, որ ինքն է նախարարությունը կառավարում և փորում է նախարար Վահե Ղազարյանի ոտքի տակ, սակայն փաստերը նրա օգտին չեն խոսում․ մեր աղբյուրները պնդում են, որ ՆԳ փոխնախարարն է որոշում գրեթե բոլոր հարցերը՝ սկսած կադրային քաղաքականությունից։ Ինչպես հայտնի է, երկու շաբաթ առաջ՝ նոյեմբերի 24-ին, Վահե Ղազարյանի հրամանով Նարեկ Վահագնի Սարգսյանը նշանակվել է ՆԳՆ մամուլի քարտուղար: Նա վարում է նաև «02» ոստիկանական հաղորդաշարը։
Նարեկ Սարգսյանն Արփինե Սարգսյանի կուրսեցին է և ոչ միայն, նրանք մտերիմ են, և նորանշանակ խոսնակը կոչված է տիկին Սարգսյանի բոլոր քմահաճությունները կատարելուն: Իսկ Արփինե Սարգսյանը, պարզվում է, բավականին քմահաճ է իր տեսքի, լուսանկարների ռակուրսի և ֆոնի ընտրության ու շատ այլ հարցերում: Ի դեպ, հունվարի 25-ից ոստիկանության հասարակայնության և լրատվության կապերի վարչությունը լուծարվում է, քանի որ ՆԳՆ կառուցվածքով նման վարչություն նախատեսված չէ` փոխարենը ստեղծվում է Հանրային հաշվետվողականության և իրազեկման վարչություն, որն ի պաշտոնե ղեկավարելու է ՆԳՆ խոսնակը»։