16/12/2023 22:07
Փարիզի Աստվածամոր տաճարի գմբեթը կրկին կզարդարի մետաղե աքաղաղը․ օծումը վաղն է
Մետաղե աքաղաղը, որի ներսում քրիստոնեական մասունքներ են ամփոփված, կրկին կզարդարի Փարիզի Աստվածամոր տաճարի գմբեթը, որը վերականգնել են 2019 թվականին տեղի ունեցած հրդեհից հետո, հայտնել է AFP-ն։
Աքաղաղը Նոտր-Դամի գագաթին տեղադրվել է 19-րդ դարում, երբ ֆրանսիացի ճարտարապետ ու միջնադարյան արվեստի գիտակ Յուջին Վիոլե-լե-Դյուկը վերականգնել է Ֆրանսիական հեղափոխության ժամանակ ավերված գմբեթը։
Աքաղաղի մետաղե քանդակը 2019 թվականին տեղի ունեցած հրդեհից հետո գտել էին ավերակների մեջ ու հայտարարել, թե այն մի փոքր դեֆորմացվել է ու ենթակա է վերականգնման, բայց հետո որոշում էր կայացվել նոր աքաղաղ քանդակել՝ ճարտարապետ Ֆիլիպ Վիլնյովի նախագծով։
Նոր աքաղաղի մեջ են ամփոփվելու քրիստոնեական մասունքներ՝ Հիսուս Քրիստոսի փշե պսակից մի մաս, Փարիզի առաջին եպիսկոպոս Սեն Դենիի և Փարիզի հովանավոր Սուրբ Ժենեվևի մասունքները։ Հատուկ փոքրիկ տարայի մեջ կդրվի ու աքաղաղի քանդակում կամփոփվի նաև հրդեհից հետո Փարիզի Աստվածամոր տաճարի վերանորոգմանը մասնակցած 2 000 մասնագետների անուններով ցուցակը։ Աքաղաղի քանդակն օծելու է Փարիզի արքեպիսկոպոս Լորան Ուրլիխը, ինչից հետո էլ այն տեղադրվելու է տաճարի գագաթին։