18/12/2023 17:12
Ռոսատոմը կրկին կերկարաձգի Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը
«Ռուսատոմ Սերվիս»-ը և «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ը դեկտեմբերի 15-ին Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու մասին պայմանագիր են կնքել։
«Ռուսատոմ»-ից հայտնում են, որ կայանի շահագործման ժամկետը երկարաձգելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի շրջանակում։
Փաստաթուղթը ստորագրել են «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և «Ռուսատոմ Սերվիս»-ի համալիր նախագծերի կառավարման ղեկավար Յուրի Սվիրիդենկոն։
«Հաշվի առնելով Ռոսատոմի եզակի փորձը Կոլայի և Նովովորոնեժի ԱԷԿ-երի շահագործման ժամկետի երկարաձգման գործում, ինչպես նաև հաշվի առնելով Հայկական ԱԷԿ-ի արդիականացման առաջին փուլի աշխատանքների դրական արդյունքները, կնքված համաձայնագրի շրջանակում պետկորպորացիայի հետ համագործակցությունը թույլ կտա կայանին արդյունավետ և անվտանգ աշխատել մինչև 2036 թվականը»,- մեկնաբանել է Յուրի Սվիրիդենկոն։
Հայկական ԱԷԿ-ի շահագործումը երկրի էներգետիկ անկախության կարևորագույն գործոնն է։ Հայկական ԱԷԿ-ի տեսակարար կշիռը հանրապետությունում էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրությունում կազմում է մոտ 30%։ Ատոմային էներգիան էկոլոգիապես մաքուր արտադրության աղբյուր է, ուստի Հայկական ատոմակայանում էլեկտրաէներգիա արտադրելը թույլ է տալիս չարտանետել մթնոլորտ զգալի քանակությամբ ածխաթթու գազ։
2014 թվականին Հայաստանի կառավարությունը դիմել է Ռոսատոմին` ԱԷԿ-ի արդիականացման և շահագործման ժամկետը երկարաձգելու հարցով։ Արդիականացումը սկսվել է 2015 թվականին, աշխատանքներն ավարտվել են 2021 թվականին։ Կարեւորն այն է, որ աշխատանքների մեծ մասն իրականացվել է առանց էլեկտրակայանի աշխատանքը դադարեցնելու։ Ռուսական մասնագիտացված կազմակերպությունների և ինստիտուտների ներգրավմամբ՝ մանրակրկիտ հաշվարկներ են արվել, կայանում փոխարինվել է սարքավորումների հսկայական քանակություն։ Արդիականացվել են բլոկի վթարային հովացման համակարգը, մեքենայական դահլիճը, տուրբինները, ավտոմատացված կառավարման համակարգերը, իրականացվել է ռեակտորի իրանի ջերմամշակում՝ վերականգնողական թրծում, մեծ թվով վերանորոգման աշխատանքներ։ Էներգաբլոկի հզորությունը 380-390 ՄՎտ-ից հասցվել է 440 ՄՎտ-ի։
Հայկական ԱԷԿ-ի շահագործման գործող ժամկետն ավարտվում է 2026 թվականին, համապատասխան լիցենզիան տրվել է ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կողմից 2021 թվականին։