18/12/2023 21:26
Վլադիմիր Պուտինը մտադիր է դեկտեմբերի վերջին հանդիպել ԱՊՀ երկրների առաջնորդներին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում հանդիպել ԱՊՀ երկրների առաջնորդների հետ: Այս մասին նա ասել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։
«Կխնդրեի՝ ամենաջերմ ողջույնները փոխանցել ձեր պետությունների առաջնորդներին, որոնց հետ, հույս ունեմ, հանդիպել դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում և ԱՊՀ առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպմանը»,-ասել է Պուտինը:
Մինչ այդ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան ակնկալում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությունը ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Դեկտեմբերի սկզբին Վլադիմիր Պուտինը նշել էր, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին է փոխանցել դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգ ժամանելու հրավերը: Իսկ նոյեմբերի վերջին հայտնի էր դարձել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ նիստին և ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Նշենք, որ հանդիպումը տեղի է ունենալու դեկտեմբերի 26-ին: