18/12/2023 19:02
Ձկնաբույծները նախարար Սիմիդյանին խորհուրդ են տալիս նախ ապօրինի հորերը փակել, նոր ձկնաբուծարանների ջուրը 40%-ով կրճատել
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ պատասխանելով օրեր շարունակ բողոքի ակցիաներ իրականացնող տնտեսվարողների հարցերին, նշեց, որ նախատեսում են, որ ջրօգտագործման թույլտվություններով ստորերկրյա ջրերի օգտագործումը ձկնաբուծարանների դեպքում կկրճատենք 40 տոկոսով։
«Դրա արդյունքում որեւէ ձկնաբուծարան, որևէ ջրի պակաս չի ունենալու, ավազաններում ջուրը չի պակասի, քանի որ վերջնարդյունքում 40 տոկոս ջուրը դուք հետ կմղեք ձեր ավազաններ: Եթե մենք Արարատյան դաշտի ջրերը վերականգնվող չդարձնենք, մի օր կկանգնենք աղետի առաջ»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ դա օգուտ չի տա, քանի դեռ ապօրինի գործող հորերը չեն փակվել, որոնց թիվը շուրջ 970 է, Սիմիդյանն ասաց. «Եթե մենք ապօրինի հորերը լուծարենք կամ կոնսերվացնենք, մենք վայրկյանում 3000 լիտր ենք խնայելու: Այն առաջարկը, որ մենք անում ենք, կխնայենք վայրկյանում 11 հազար լիտր:
Դուք ճիշտ եք ասում, որ եթե մենք սկսենք պաշարները վերականգնել, այն հորերը, որոնք ցամաքել են, կսկսեն շատրվանել, բայց մենք դրան զուգահեռ կանենք կոնսերվացման եւ լուծարման աշխատանքները, եւ այդ հորերը չեն շատրվանի, ու մենք ջրի կորուստ չեն ունենա»: