18/12/2023 18:13
Հուսով եմ, որ մեր հետագա համագործակցությունը հետագայում ևս կշարունակվի․ ՀՀ նախագահը՝ ԱՄԿ տնօրենին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու Հայաստանում առաջին անգամ անցկացվող աշխատանքի միջազգային համաժողովին:
Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել «Սոցիալական արդարության խթանումը. աշխատանքի ապագան ներկայիս ժամանակաշրջանում» խորագրի ներքո Երևանում անցկացված համաժողովը։
«Կարծում եմ թեման շատ ակտուալ է ոչ միայն նեղ մասնագիտական, այլ նաև ակադեմիական քննարկումների առումով: Դուք սոցիալական արդարությունը մեկնաբանում եք մարդկանց հնարավորություն տալու մոտեցմամբ: Սակայն, միևնույն ժամանակ, կան դեպքեր, երբ այլ մեկնաբանություն և մոտեցում է առաջարկվում, որն ավելի սոցիալիստական մոտեցում ունի և Խորհրդային միության ժամանակ էր տարածված: Կարծում եմ՝ այսօրվա պայմաններում ամենակարևորը՝ մարդկանց հավասար հնարավորություններ տալու հանգամանքն է»,- ասել է նախագահ Խաչատուրյանը: