18/12/2023 19:12
Որևէ ավտոտնակ, առնվազն՝ 2018թ․-ից չի օրինականացվել, որևէ գործարք չի արվել․ Երևանի փոխքաղաքապետ
Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը՝ ԱԺ-ում ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին ի պատասխան հայտարարել է, որ իր պաշտոնավրումից հետո որևէ ավտոտնակ չի օրինականացվել։
«Կարող եմ պատասխանատու կերպով հայտարարել, որ որևէ ավտոտնակ, առնվազն՝ 2018թ․-ից, ինչ ես Երևանի ավագանու անդամ եմ, չի օրինականացվել․ որևէ գործարք չի արվել»,- հայտարարել է նա։
Հովհաննիսյանը չի մեկնաբանել, թե նախկինում ինչպես է արվել․ «Կարծում եմ՝ որոշ դեպքեր դուք էլ գիտեք՝ ոնց է արվել, որոշ դեպքերում օբյեկտիվորեն այդ ավտոտնակները փաստաթղթեր ունեցել են»։
Փոխքաղաքապետը պարզաբանել է, թե ինչու չեն օրինականացնում ավտոտնակները. «Կարծում եմ՝ պատրաստ չենք դրանք օրինականացնել․ թողել ենք հետագային։ Կարծում ենք՝ որոշ բակեր, որ զավթած են ավտոտնակներով, պետք է մոտ ապագայում վերադարձնենք համայնքին ու խաղահրապարակների, բնակիչներին ծառայող տարածքների կամ ենթակառուցվածքների վերածենք։ Մի քանի բակի մասով հենց բնակիչների հետ է հնարավոր եղել բանակցել ու կոնսենսուսի գալ։ Դանդաղ է գնում։ Կան տարածքներ, որտեղ մասնավոր կազմակերպություններ կան, որոնք առաջարկում են ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցել, իսկ վերևում՝ խաղահրապարակ, այսինքն, մի փոքր կոմերցիոն տարածք են ուզում»,- ասել է նա։