19/12/2023 20:30
«Պատասխանատվությունն ամբողջությամբ Ֆինլանդիայի իշխանություններինն է»․ Ռուսաստանը Վաշինգտոնի հետ համագործակցող Հելսինկիին զգուշացրել է հնարավոր հետևանքների մասին
Ռուսաստանում Ֆինլանդիայի դեսպան Անտի Հելանտերային կանչել են ՌԴ ԱԳՆ՝ Վաշինգտոնի և Հելսինկիի միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի կնքումից հետո։
Նրան զգուշացվել է, որ Մոսկվան պատասխան միջոցներ կձեռնարկի Հելսինկիի և ՆԱՏՕ-ի գործողություններին հակազդելու համար։
«ՌԴ-ում Ֆինլանդիայի դեսպանին զգուշացվել է, որ ռուսական կողմն անպատասխան չի թողնի ՆԱՏՕ-ի ռազմական ներուժի ընդլայնումն իր սահմանին, ինչը սպառնալիք է հանդիսանում ՌԴ անվտանգությանը և կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ՝ հակազդելու Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի նրա գործընկերների ագրեսիվ բնույթի որոշումներին։ Այս տարածաշրջանում բարիդրացիության գոտին հնարավոր առճակատման գոտու վերածելու պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Ֆինլանդիայի ներկայիս իշխանությունների վրա»,- նշված է ՌԴ ԱԳՆ մեկնաբանությունում
Նշենք, որ Վաշինգտոնի և Հելսինկիի միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը կնքվել է դեկտեմբերի 18-ին։ Միջազգային մամուլի հրապարակումների համաձայն, Ֆինլանդիան այս համաձայնագրի շրջանակներում ԱՄՆ զինվորականների համար հասանելիություն կապահովի իր երկրի տարածքում գտնվող 15 ռազմաբազաներում։