19/12/2023 11:24
«Ինչո՞ւ է Լուկաշենկոն իջել փաշինյանական արտահաստիքային պրոպագանդիստի մակարդակի». Աշոտյան
ՀՀԿ փոխխոսնակ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից. «Բելառուսի նախագահն օրերս հերթական բարձրագոչ հայտարարությունն արեց Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ փորձելով Նիկոլ Փաշինյանի համար «ալիբի» ապահովել Լեռնային Ղարաբաղի կորստի համար և հայ ժողովրդին պատուհասած ողբերգության մեղքը գցել Հայաստանի նախորդ իշխանությունների վրա: Ալեքսանդր Գրիգորևիչի հայտարարության և վարքագծի մեջ շատ տարօրինակ բաներ կան: Փաշինյանական արտահաստիքային պրոպագանդիստի ամպլուան, որով լիքն է Հայաստանի պրոիշխանական մեդիատարածքը, դժվարությամբ է կապվում իր՝ երկրի նախագահի ստատուսի հետ: Ուրեմն ինչո՞ւ է Լուկաշենկոն որոշել իջնել մի մակարդակի, որը համատեղելի չէ իր՝ այդքան բարձր դիրքի հետ: Համարձակվում եմ ենթադրել, որ պատասխանը բավականին պարզ է: Փաստերի և իրականության անտեսումն ու ոտնատակ տալը, Փաշինյանի փոքր, բայց գրգռված էգոն սպասարկելու փորձը կապված են անառակ որդուն ատլանտյան անհուն տարածքներից դեպի հայրենի եվրասիական տուն վերադարձնելու մղման հետ: Այն, որ Նիկոլ Փաշինյանը շատ տարվեց աշխարհաքաղաքական լուցկիներով, վտանգավոր իրականություն է: Բայց որքանո՞վ են արդարացված Սերժի հաշվին Փաշինյանին եվրասիական տիրույթ վերադարձնելու՝ պարոն Լուկաշենկոյի գործադրած ջանքերի ձևն ու բովանդակությունը: Սա բոլոր տեսանկյուններից կասկածելի այս խաղը խաղալու՝ եվրասիական շրջանակների ամենևին էլ առաջին փորձը չէ: Նման սխեմաներ վերջին տարիներին ապարդյուն կերպով էլի են փորձել խաղարկել: Որքա՞ն կարելի է կրկնել նույն սխալը ու խաղեր տալ Փաշինյանի հետ մի եղանակով, որն առաջին հերթին ռեպուտացիոն կորուստներ է բերում իր՝ Բելառուսի նախագահի համար: Նախ և առաջ Батька-ին չի սազում վատ արտահայտվել իր՝ թեկուզև նախկին գործընկերոջ հասցեին` նրա բացակայությամբ: Երկրորդ, Ալեքսանդր Գրիգորևիչի կողմից հիշատակված Սերժ Ազատովիչի հետ 5 միլիարդի մասին ունեցած սկանդալային խոսակցության ժամանակ ՀՀ երրորդ նախագահն այնպիսի փաստարկներ բերեց Ղարաբաղյան հարցում «առքուվաճառքի» անթույլատրելիության վերաբերյալ, որ անգամ Սերժ Սարգսյանի բելառուս գործընկերոջ պերճախոսությունը չօգնեց իրեն: Երրորդ, հիշում եմ, որ իր մամլո ասուլիսներից մեկի ժամանակ պարոն Լուկաշենկոն Փաշինյանին ուղիղ մեղադրեց այն բանում, որ «վերջինս լեզուն մտցրել է մի տեղ»: Ու հիմա Հայաստանի վարչապետի լեզուն ֆիզիոլոգիական համապատասխան դիրքի վերադարձնելու հարցում օգնության նրա փորձը ստեղծում է անհետևողականության և կոնյունկտուրայի շրջանակներում գործելու տպավորություն: Հիշում եմ, թե ինչպես իմ՝ Բելառուս այցի ընթացքում ես չկարողացա Խատինի հուշահամալիրի մոտ զսպել արցունքներս. ինչպես էի հպարտանում մարշալ Բաղրամյանի բաճկոնով, որը տեսել էի Հայրենական Մեծ պատերազմի՝ Մինսկի թանգարանում, անձնական ինչպիսի ջանքեր եմ գործադրել, որ Բելառուսին ընդգրկեին Բոլոնյան գործընթացի մեջ 2015թ. Երևանում տեղի ունեցած նախարարական գագաթնաժողովի ժամանակ: Ես չափազանց շատ եմ սիրում Բելառուսը, որ անգամ տեսականորեն նախագահ Լուկաշենկոյին առաջարկեմ Հայրենիքի վաճառքի նմանօրինակ սխեմա, օրինակ, Արևմտյան Բելառուսը Լեհաստանին վաճառելու տեսքով: Կասկած չկա, որ լեհերը Գոմելի համար շատ լավ գին կվճարեին: Բայց դուք, ինչպես և մենք, Հայրենիքն առուծախի առարկա չենք դարձրել ու չենք դարձնում, շատ հարգելի պարոն նախագահ:
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ |