19/12/2023 19:19
«Փաշինյանը Սնուփ Դոգին չերգելու համար 6 միլիոն դոլար է տալիս, մեր թոշակները չի տալիս, ինչո՞վ ապրենք»․ Արցախից բռնի տեղահանված
«Փաստինֆո»-ին է ահազանգել Արցախի Քաշաթաղի նախկին բնակիչ 68-ամյա Վլադիմիր Հակոբյանը։
Նա պատմել է, որ 1997 թ-ից կնոջ և 2 անչափահաս երեխաների հետ վերաբնակություն է հաստատել Քաշաթաղում։ Երևան տեղափոխվել են 2020 թ-ի պատերազմից հետո։
«Կառավարության տրամադրած գումարով կարողացել ենք Էջմիածնում տուն գնել, բայց եթե մինչ այս թոշակ կամ նպաստ էինք ստանում ու կարողանում էինք ծայրը ծայրին հասցնել, հիմա արդեն 3 ամիս է՝ ոչ մի բան չենք ստանում։ Անձնագիր էլ փոխեցինք, իրենց ասած ամեն ինչն էլ արեցինք, բայց գումար չենք ստանում։ Արցախից նոր բռնագաղթածներին աջակցություն են տալիս, բայց մեզ ոչինչ էլ չի հասնում, փոխարենը թոշակներն էլ չեն վճարում»,- պատմել է Վլադիմիր Հակոբյանը՝ ավելացնելով, որ երեկ զանգել է կառավարության ու սոցապի թեժ գիծ, սակայն ոչ մի հստակ չեն ասել»։
«Արդեն էլ նյարդերս չի հերիքում, հոգնել ենք այս իշխանությունից էլ, այս անարդարությունից էլ»,- ասել է նա։
Դիտարկմանը, թե հունվարից թոշակները վճարելու են՝ Հակոբյանը արձագանքել է. «Բայց մինչև հունվար ես ինչո՞վ ապրեմ։ Ես հաշմանդամ եմ, գամված եմ սայլակին։ Տղաս էլ մասնակցել է 2016 թ-ի պատերազմին, զինհաշմանդանություն ունի, տարբեր հիվանդություններ ունենք, որոնք բուժում ու դեղեր են պահանջում։ Ճիշտ է՝ պոլիկլինիկան օգնում է՝ որքանով կարող է, բայց միևնույն է, դա բավարար չէ, ես ո՞նց անեմ, ասե՛ք հարգելի կառավարություն, հարգելի Նիկոլ Փաշինյան։
Երբ 2018-ին Փաշինյանը իշխանության էր գալիս՝ ոսկե սարեր էր խոստանում, բայց ոչինչ չի անում, անողնաշարի մեկն է, խաբեց էս ժողովրդին։ Հիմա էլ շարունակում է խաբել․ Սնուփ Դոգի չկայացած համերգի համար 6 միլիոն դոլար փող է տալիս։ Ինձ էլ տուր Փաշինյան, 1 մլն դոլար տուր՝ չերգելու համար, ես էլ չեմ երգի։ Եթե կարողանայի՝ դատի կտայի իրեն էլ, իր կառավարությանն էլ....»,- նշել է Վլադիմիր Հակոբյանը։